ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այսօր' ապրիլի 2-ին, ապրիլյան պատերազմի 6-րդ տարելիցին, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

Վարչապետը «Եռաբլուր» էր այցելել մեծ թվով անվտանագության աշխատակիցների ուղեկցությամբ: Նրա «Եռաբլուր» պանթեոնում գտնվելու ընթացքում աշխատակիցները սահմանափակել էին մուտքը դեպի «Եռաբլուր»-ի տարածքը, անգամ իրենց հարազատների շիրիմներին այցելողների համար:

Վարչապետի այցի ընթացքում մեծ թվով ոստիկանական ուժեր էին բերվել «Եռաբլուր»-ի տարածք, որոնց համակարգում էր Երեւանի փոխոստիկանապետը:

Հիշեցնենք, որ ուղիղ 5 տարի առաջ 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության նկատմամբ սկսեց լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառելով իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները: Ապրիլի 2-5-ը մարտեր ընթացան շփման գծի ողջ երկայնքով, առավել թեժ մարտեր ընթացան ռազմաճակատի վերածված առաջնագծի հարավային (Հադրութ) եւ հյուսիսարեւելյան (Մարտակերտ) ուղղություններով։

Վերջնական տվյալներով' հայկական կողմից ռազմական գործողությունների հետեւանքով զոհվել է 110 եւ վիրավորվել 121 զինծառայող եւ կամավորական:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կորուստներին, ապա, ըստ որոշ տեղեկությունների, զոհերը կազմել են շուրջ 800 մարդ:

Քառօրյա ռազմական գործողությունների արդյունքում հակառակորդին հաջողվել է մարտագծի հարավային թեւում տիրել 1500 մ լայնությամբ եւ 450մ խորությամբ բնագծի (67,5հա) կամ զբաղեցնել 6 մարտական դիրք, իսկ հյուսիսային ուղղությամբ՝վերահսկողության տակ առնել 4300մ լայնությամբ եւ 1000մ խորությամբ առաջնագիծ (430հա) կամ՝ 13 մարտական դիրք: Ընդհանուր առմամբ, չորսօրյա ինտենսիվ մարտերի ընթացքում ադրբեջանական բանակը գրավել էց 19 դիրք, կամ մակերեսային միավորով արտահայտված շուրջ 500 հեկտար տարածք: