Ուկրաինայի արևելքում մալայզիական «Բոինգ-777»-ի կործանումը հետաքննող միացյալ խմբում ներկայացված երկրները պայմանավորվել են այդ աշխատանքը երկարացնել մինչև 2015 թվականի օգոստոս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Ավստրալիայի արդարադատության նախարար Մայքլ Կինանը:

 

 

«MH17 ինքնաթիռի կործանման հետաքննությամբ զբաղվող միացյալ խմբի անդամ երկրները համաձայնել են այդ աշխատանքի իրականացման ժամկետը երկարացնել ևս ինն ամսով»,- ասված է նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

 

 

Նա հիշեցրել է, որ այդ խմբի մեջ մտնում են Նիդեռլանդները, Ուկրաինան, Ավստրալիան, Բելգիան, ինչպես նաև միջազգային այլ գործընկերներ, ներառյալ Մալայզիան:

 

 

Ավստրալացի նախարարն արձանագրել է, որ օդանավի կործանման վայրի իրադրությունը չի նպաստում արդյունավետ հետաքննություն անցկացնելուն: «Այնտեղ անվտանգության հետ կապված իրադրությունն անկայուն է մնում»,- հավելել է նա:

 

 

Malaysia Airlines ավիաընկերության ինքնաթիռը, որը կատարում էր Ամստերդամ-Քուալա Լումպուր չվերթը, 2014 թվականի հուլիսի 17-ին աղետի է ենթարկվել Ուկրանիայի Դոնեցկի մարզում: Օդանավում եղած 283 ուղևորներն ու անձնակազմի 15 անդամները զոհվել են, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: