ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդիպեց Հանրապետության բուհերի ուսանողական խորհուրդների ներկայացուցիչների հետ: Նոյեմբերի 14-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում անցկացվեց հանդիպում՝ Ուսանողների միջազգային օրվան ընդառաջ:

 

Նախարար Աշոտյանը, ողջունելով ուսանողական խորհուրդների ներկայացուցիչներին, նշեց, որ ինքը՝ որպես կառավարության ամենաերիտասարդ նախարար, ամենավերջինն է ավարտել բուհը:

 

«Այժմ Ազգային ժողովը քննարկում է կառավարության օրենսդրական նախաձեռնությունը՝ մայիսի 16-ը՝ Երևանի պետական համալսարանի հիմնադրման օրը որպես Ուսանողության տոն ամրագրելու վերաբերյալ: Տա Աստված, որ այդ օրը հանդիպենք հաջորդ տարի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Արմեն Աշոտյանը:

 

Նախարարը նշեց, որ չկա լավ ու վատ սերունդ, գոյություն ունեն տարբեր երիտասարդներ, և չի նշանակում, որ նրանք նախորդ սերնդից ավելի լավ են կամ վատ: «Ուզում եմ նշել, որ հայ երիտասարդների մեծամասնությունը հայրենասեր են, գիտակից, հայրենանվեր հայ մարդիկ են, իհարկե, կան բացառություններ»,- նշեց նա:

 

Արմեն Աշոտյանը հորդորեց ուսանողական խորհուրդների ներկայացուցիչներին լինել կրթական գործընթացի իրական մասնակից: «Մեր բուհական համակարգը պետք է դառնա ուսանողակենտրոն, դա չի նշանակում, որ դուք՝ որպես ուսանողական խորհուրդների ներկայացուցիչներ, պետք է ձեր քթերը ցցեք: Պահանջում եմ լինել կրթական ոլորտի բարեփոխումների մեջ իրական շահառու, աջակցել մեզ, նաև երբեմն դեմ լինել: Եթե դուք չօգնեք մեզ՝ ստիպված եք անել այն, ինչ մենք ենք ասում. ներգրավվեք կրթական ոլորտի բարեփոխումների մեջ: Եթե դուք մեզ օգնեք, մենք ավելի լավ կլուծենք մեր հարցերը»,- հավելեց նախարարը:

 

Արմեն Աշոտյանն ընդգծեց, որ վերջին շրջանում կրթության որակը բոլոր բուհերում կտրուկ բարելավվել է, կան, իհարկե, խնդիրներ սոցիալական ոլորտում, և նախարարությունն աշխատում է լուծել նաև այդ խնդիրները:

 

«Ես միշտ ողջունել եմ ուսանողության ակտիվությունը, եթե ուսանողը մի բանի կողմ է կամ դեմ, նշանակում է, որ մտահոգ է իր երկրի ապագայով, բայց կտրականապես արգելում եմ անել որևէ բան կրթության հաշվին: Երբևէ որևէ մարդու ձեռքում գործիք չդառնաք: Ուսանողությունը լրջագույն գործոն է բոլոր հասարակություններում, պատմության մեջ ուսանողությանն օգտագործում են և մոռանում նրանց: Ուսանողությունը զանգված չէ, անհատներից բաղկացած սոցիալական խումբ է, չդառնաք զանգված, եղեք վառ անհատականություններից բաղկացած խումբ»,- հորդորեց նախարարը:

 

Ուսանողական խորհուրդների ներկայացուցիչները հնարավորություն ստացան հարցեր և առաջարկներ ուղղել նախարարին: Հանդիպման ավարտին նախարարը նրանց ներկայացուցիչներին հանձնեց փաստաթղթեր, ըստ որոնց պետությունը փոխհատուցում է 1072 սոցիալապես անապահով ուսանողների ուսման վարձը՝ 50-100 տոկոսով:

 

«Հետևեք, որ օգնությունը նպատակային լինի և տեղ հասնի, բացահայտեք սոցիալապես անապահով ուսանողներին և օգնեք, որ լավ սովորեն»,- նշեց նա: Բացի այդ, երեք ուսանողական խորհուրդներ՝ ԵՊՀ ՈՒԽ-ն, Ագրարային համալսարանի ՈՒԽ-ն և Ճարտարապետաշինարարական համալսարանի ՈՒԽ-ն արժանացան նախարարության մեդալների:

 

Հանրապետությունում այս օրերին անցկացվում են տոնակատարություններ՝ նվիրված Երիտասարդների համաշխարհային օրվան, որը նշվում է նոյեմբերի 10-ին և Ուսանողության միջազգային օրվան՝ նոյեմբերի 17-ին: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ անցկացվում են տարատեսակ միջոցառումներ: