ՀՀ Սահմանադրական դատարանը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող է համարում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը: Դատարանը 2014 թվականի հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված' Հայաստանի Հանրապետության' «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունների' Հայաստանի Հան րապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշել է գրավոր ընթացակարգով:
ՍԴ վճիռը նոյեմբերի 14-ին հարապարակեց դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը:
Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը ստորագրվել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում: Եվրասիական տնտեսական միությունը վերպետական-տնտեսական կառույց է, որի ստեղծման փաստաթուղթն ուժի մեջ կմտնի 2015թ. հունվարի 1-ից:
Ակնկալվում է, որ պայմանագիրն Ազգային ժողովի նիստի օրակարգ կմտնի դեկտեմբերի սկզբին: Վավերացման ազգային ընթացակարգեր են տեղի ունենում նաեւ Ռուսաստանում, Բելառուսում եւ Ղազախ ստանում: