Վանաձոր քաղաքի 16-ամյա բնակչուհու կողմից սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում 2014 թվականի նոյեմբերի 7-ին նրան մեղադրանք է առաջադրվել՝ ծանր հանցագործության մեջ մեղադրելով զուգորդված սուտ մատնության համար։

 

Նախաքննության տվյալներով՝ աղջիկը, 2014 թվականի հոկտեմբերի 23-ին ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնում նախազգուշացված լինելով սուտ մատնության համար ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության մասին և գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, հանցագործության մասին գրավոր հաղորդում է ներկայացրել առ այն, թե, իբր, նույն թվականի հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, իր ընկերը, Վանաձոր քաղաքի «Երկաթուղայինների» այգում դանակի սպառնալիքով և քնաբեր դեղամիջոց տալով, բռնաբարել է իրեն' նրան մեղադրելով ծանր հանցագործության մեջ:

 

 

Հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել նաև, որ 2014 թվականի սեպտեմբերին, երբ աղջկա 16 տարին դեռևս լրացած չի եղել, 21-ամյա երիտասարդը նրա հետ Վանաձոր քաղաքում ունեցել է սեռական հարաբերություն:

 

 

2014 թվականի նոյեմբերի 7-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում որոշում է կայացվել՝ քրեական գործի նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նոր քրեական գործ հարուցելու և առանձին վարույթում առանձնացնելու մասին:

 

 

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որերկու քրեական գործերով էլ նախաքննությունը շարունակվում է։