ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 20-ամյա աղջկան՝ առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ սուտ մատնություն կատարելու համար։
2015 թվականի հունիսի 20-ին՝ ժամը 20:40-ին, ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, ապա ներկայացվել հաղորդում, որ դիմակավորված 3 անձինք մտել են նույն քաղաքի բնակարաններից մեկը, կապկպել տանտիրոջ 20-ամյա աղջկան ու հափշտակել 5 միլիոն ՀՀ դրամ: Հաղորդման հիման վրա Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ իրականում ավազակային հարձակում տեղի չի ունեցել։
Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ աղջիկն առանց ծնողներին իրազեկելու և թույլտվություն ստանալու՝ նրանց կուտակած գումարն ամբողջությամբ ծախսել է իր ընկերների հետ։ Վախենալով հոր հնարավոր արձագանքից՝ աղջիկը հունիսի 16-ին խառնել է տան իրերը, ապա ինքն իրեն կապկպել, զանգահարել ազգականին և օգնություն խնդրել, որից հետո զանգահարել է ոստիկանություն և չկատարված առանձնապես ծանր հանցագործության' առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակությամբ կատարված ավազակային հարձակման վերաբերյալ տվել է սուտ հաղորդում:
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ' 20-ամյա աղջկան առաջադրվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (Սուտ մատնություն' զուգորդած ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով):
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։ Մեղադրական եզրակացությունը հաստատվել է և ուղարկվել դատարան։