Հիվանդանոցից դեկտեմբերի 19-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել 41-ամյա կինը և հայտնել, որ իրեն ծեծի են ենթարկել:
Նույն օրը, ժամը 9.40-ին, քաղաքացուհին հաղորդում է տվել, որ դեկտեմբերի 19-ին, կեսգիշերին, ավտոմեքենայի սրահում իրեն անծանոթ վարորդը, իր առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, հափշտակել է իր պայուսակը, որի մեջ եղել է 100.000 դրամ արժողության ոսկյա մատանի և 1.200.000 դրամ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, պարզվել է, որ հիշյալ ավտոմեքենան նա նստել է Լենինգրադյան փողոցից տուն ուղևորվելու համար, սակայն վարորդն այն վարել է Կորեայի ձորի ուղղությամբ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է վարորդի ինքնությունը` 1983 թվականին ծնված, նախկինում դատապարտված Փայլակ Հ.-ն:
Դեկտեմբերի 23-ին, ժամը 8.40-ին, նշված հանցագործության կասկածանքով Փայլակ Հ.-ն Քանաքեռի 2-րդ փողոցի թիվ 74 հասցեի մոտից բերման է ենթարկվել:
Փայլակ Հ.-ն ձերբակալված է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Քննությունը շարունակվում է: