Արդեն 5-րդ օրը կոմայի մեջ գտնվող 10-ամյա աղջիկը ամենայն հավանականությամբ ընկել է աստիճանահարթակից' անզգուշության արդյունքում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ՀՀ Արարատի մարզի Վեդիի դպրոցի տնօրեն Նոնա Անդրեասյանը։
Դեպքը տեղի է ունեցել դասի ժամին, միջանցքում, երեխան խնդրել է ուսուցչից դուրս գալ' զուգարան գնալու համար, բայց հետ չի վերադարձել։
«5-րդ դասաժամն էր, ես փոխտնօրենի հետ միջանցքում էի, մի երեխա վազեց մեզ մոտ ու ասաց, որ Էլենը ընկավ։ Անմիջապես գնացինք, երեխան ընկած էր աստիճանների ներքևում։ Երեխան մի պահ աչքերը բացեց, ասեցի' լսում ես, գլխով արեց' այո, որից նա մի պահ ցնցվեց ու սկսեց չարձագանքել»,- ասել է տնօրենը։
Այս ընթացքում դպրոցից զանգել են նաև շտապ բուժօգնության ծառայություն ու երեխայի ծնողներին։
Նրան տեղափոխել են Վեդիի բժշկական կենտրոն, այնուհետև Երևան' «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։
Ավելի վաղ հայտնել ենք, որ երեխան մարմնական վնասվածքներ է ստացել սեպտեմբերի 19-ին, Վեդիի թիվ 2 միջնակարգ դպրոցում։ Նրան Վեդիի ԲԿ-ից տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, նա վերակենդանացման բաժանմունքում է, վիճակը ծայրահեղ ծանր է։
Այնուհետև Shamshyan.com-ը հայտնել է, որ Փոքր Վեդիի վարչական տարածքում բախվել են «UAZ» և «Dodge» մակնիշի ավտոմեքենաները, վերջինի մեջ եղել են ծնողները և նրանց հետ ևս մեկ անձ։
«Վեդիի բժշկական կենտրոն է տեղափոխվել 4 անձ (մեկն UAZ-ի վարորդն է), նրանցից 2-ը երեխայի ծնողներն են։ Հոր մոտ ոչ մի վնասվածք չի հայտնաբերվել, դուրս է գրվել, մայրը' բժիշկների հսկողության ներքո է, վիճակը մոտ է բավարարին»,- Sputnik Արմենիային ասացին Վեդիի ԲԿ–ից։
Ավտոմեքենայում եղել է ևս մեկ անձ, բժիշկները կասկածել են գանգուղեղային վնասվածք, նրան տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ' հետագա հետազոտման։
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն դեպքի առնչությամբ հաղորդում է ստացել, նախաձեռնվել է քրեական վարույթ անզգուշությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու հոդվածով։