ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր ԱԺ-ում ներկայացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման և սահմանագծման աշխատանքների մանրամասները․

«Մենք առաջին փուլում քննարկել և հաստատել ենք աշխատակարգը։ Իսկ այս փուլում մենք քննարկում ենք համատեղ գործունեության կանոնակարգը, որը շատ ավելի մեթոդական նկարագրություն է պարունակելու, և երբ այդ աշխատանքները ավարտին հասցնենք, երկու երկրներն էլ տվալ փաստաթղթի նախագիծը կդնեն ներպետական շրջանառության մեջ։ Կախված բովանդակությունից, կախված, թե ինչ կոնսենսուսի կգանք այն կշրջանառվի, ամենայն հավանականությամբ, որպես օրենքի նախագիծ»,- ասաց փոխվարչապետն ու թեմայի մասին իր խոսքը շարունակելով՝ հավելեց․

«Ես կարծում եմ, եթե մենք մեր սկզբունքային դիրքորոշումների շրջանակում մնանք և փաստաթղթի նախագծման աշխատանքներն ու տրամաբանությունը բխեն Ալմա-Աթայի հռչակագրից, կարող ենք 2-3 ամսվա ընթացքում ունենալ կանոնակարգի նախագիծ, որը կպարունակի աշխատանքի մեթոդաբանությունը։

Այն հաստատելուց հետո շատ ժամանակ կպահանջվի բուն գործընթացի՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի համար, բայց, այնուամենայնիվ, բոլորիս հասկանալի կլինի, թե ինչով ենք զբաղված»,- տեղեկացրեց նա։