ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու Երևանի քաղաքապետի թեկնածուներից մեկի պաստառը վնասելու դեպքի հանգամանքները: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Քննչական կոմիտեից։
2023թ. օգոստոսի 27-ին ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ 57-ամյա կինը ներկանյութով դիտավորությամբ վնասել է Երևան քաղաքի Միկոյան փողոցում գտնվող շենքերից մեկի հարակից կանգառում փակցված՝ «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության պաստառը և դրա վրա կատարել անպարկեշտ գրառում:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, կուսակցությունը ճանաչվել է տուժող:
Նախաքննության ընթացքում 57-ամյա կինը ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին, տվել ինքնախոստովանական ցուցմունք: Վերջինս ազատ է արձակվել։
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: