Եվրասիական տնտեսական միության պայմանագրից դուրս գալու կարգը սահմանաված է միջազգային պայմանագրերի համար նախատեսված ընթացակարգերին համապատասխան: Այս մասին հայտարարեց ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը՝ ներկայացնելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի սահմանադրականության վերաբերյալ ՍԴ եզրակացությունը:
«Մասնավորապես, այն համապատասխանում է միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի 1969թ. մայիսի 23-ի կոնվենցիային: Ընդ որում, եթե Եվրասիական տնտեսական միության միանալու հարցը լուծվում է Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի և Ղազախստանի կողմից կնքված՝ 2014թ. հոկտեմբերի 10-ի պայմանագրի առաջին հոդվածի հիման վրա, ապա Եվրասիական տնտեսական միության կազմում իր անդամակցության դադարման գործընթացը Հայաստանը կարող է նախաձեռնել ցանկացած պահի՝ համաձայն արդեն Եվրասիական տնտեսական միության մասին 2014թ. մայիսի « 29-ին կնքված պայմանագրի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հարությունյանը:
Դրան համապատասխան' ՀՀ ՍԴ-ն որպես իրավական հիմք է ընդունում այն, որ պետությունների ինքնիշխանությունը հարգելու սկզբունքի հիման վրա պայմանագրի գործողությունը տվյալ պետության նկատմամբ դադարում է ավանդապահի կողմից համապատասխան գրավոր ծանուցում ստանալու օրվանից սկսած՝ 12 ամիսը լրանալուն պես:
ՀՀ Սահմանադրական դատարանը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը:
Դատարանը 2014 թվականի հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված' Հայաստանի Հանրապետության' «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունների' Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշել է գրավոր ընթացակարգով: ՍԴ վճիռը նոյեմբերի 14-ին հարապարակեց դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը: