Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնում կբացվի Անգիոգրաֆիկ առաջին կենտրոնը, որի շնորհիվ Արցախում սրտանոթային խնդիրներ ունեցող հիվանդները հնարավորություն են ստանում բժշկական այն ծառայություններից, որոնք հաջողությամբ կիրառվում են աշխարհի լավագույն կլինիկաներում:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ առողջապահության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ինվազիվ սրտաբանական ծառայությունը հասանելի կդառնա ԼՂՀ բոլոր քաղաքացիների համար:

 

ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի նախաձեռնությամբ ու միջոցներով ստեղծված կենտրոնը կարևորագույն քայլ է Արցախի առողջապահության ոլորտում, քանի որ հենց այնտեղ են կատարվելու սրտի եւ մնացած բոլոր օրգանների անոթների ստենտավորումները, ախտորոշվելու ու բուժվելու անոթային խնդիրներ ունեցողները:

 

Կենտրոնում արդեն տեղադրվել է գերմանական «Սիմենս» ընկերության վերջին սերնդի անգիոգրաֆը: Այս սարքի տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս պարզորոշ տեսնել մարդու ցանկացած անոթ, կատարել ներանոթային միջամտություններ՝ անգիոգրաֆիա, ստենտավորում ոչ միայն սրտի անոթների, այլեւ մնացած բոլոր օրգանների:

 

Անգիոգրաֆիկ կենտրոնում աշխատում են հմուտ բժիշկներ, բուժքույրեր և ռենտգեն-տեխնիկներ, որոնք արդեն վերապատրաստվել են Հայաստանում՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնի ակադեմիկոս Բագրատ Ալեքյանի անվան Անգիոգրաֆիկ ծառայությունում եւ Ռուսաստանում՝ Բակուլեւի անվան սրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոնում:

 

Անգիոգրաֆիկ կենտորնն աշխատելու է 24-ժամյա ռեժիմով՝ սերտ համագործակցելով առողջության պահպանման առաջնային օղակի և հատկապես շտապ օգնության ծառայության հետ: Հաստատված պրոտոկոլների համաձայն՝ սուր ինֆարկտների դեպքում արագ և ճիշտ կգնահատվի հիվանդի վիճակը, և նա ամենակարճ ժամանակում կտեղափոխվի Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի անգիոգրաֆիկ կենտրոն: