ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է Լեհաստանում ՀՀ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանին:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նշանակման երկիր մեկնելուց առաջ այս հանդիպմամբ Էդգար Ղազարյանը ցանկանում էր որոշակիացնել հայ-լեհական միջպետական համագործակցության ընդլայնումը, մասնավորապես, երկու երկրների գյուղատնտեսության ոլորտների առավել իրատեսական ուղղություններով:

 

 

Շնորհավորելով դեսպանին բարձր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ' նախարար Սերգո Կարապետյանը ներկայացրել է Հայաստանի և Լեհաստանի գյուղատնտեսության նախարարությունների միջև առկա կապերը:

 

 

«Հայ-լեհական հարաբերությունները հատկապես գյուղատնտեսության ոլորտում ունեն զարգացման և ընդլայնման մեծ ներուժ ու հեռանկարներ: Այս առումով կարելի է առանձնացնել Հայաստանի Հանրապետությունում լեհական ներդրումների ակտիվացման, Հայաստանից Լեհաստան թարմ պտուղ-բանջարեղեն, բանջարեղենային պահածոներ ու չոր մրգեր արտահանելու, ինչպես նաև համատեղ վերամշակող ձեռնարկություններ հիմնելու հնարավորությունը»,- նշել է նախարար Սերգո Կարապետյանը:

 

 

Նախարարը նաև ընդգծել է գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծման և ոլորտային մի շարք այլ հարցերում փորձի փոխանակման կարևորությունը:

 

 

Դեսպան Էդգար Ղազարյանն իր հերթին պատրաստակամություն է հայտնել լեհական կողմի հետ տեղում առավել մանրամասն քննարկել ագրարային ոլորտում համագործակցության հնարավորությունները' բարենպաստ պայմաններ ստեղծելով արտահանումների ապահովման համար: Նա նաև հավաստիացրել է, որ պաշտոնավարման ընթացքում առավելագույնս կնպաստի երկու պետությունների միջև առկա տնտեսական կապերի ամրապնդմանն ու խորացմանը: