Լեհաստանի արտգործնախարար Վիտոլդ Վաշչիկովսկին հույս ունի, որ Հայաստանի եւ Լեհաստանի համագործակցությունը կշարունակվի զարգանալ ամենաբարձր մակարդակով տարբեր ոլորտներում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա այս մասին ասաց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի շրջանակում:
«Սա իմ առաջին այցն է Երեւան որպես նախարար, տարիներ առաջ էր կայացել արտգործնախարարի այցը, եւ արդեն ժամանակն էր: Ուրախ եմ, որ երկու երկրների նախագահները հնարավորություն ունեցան հանդիպել եւ քննարկումներ ունենալ նախորդ ամիս Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում: Իսկապես ներուժ կա համագործակցությունը զարգացնելու համար, հատկապես տնտեսական ոլորտում: Մեր քննարկումների հաջորդ մասում ես կներկայացնեմ, թե ինչ լեհական ընկերություններ են շահագրգռվածություն հայտնել համագործակցելու հայկական ընկերությունների հետ»,-ասաց նա:
Արտգործնախարարի խոսքով՝ քննարկումները չեն սահմանափակվել միայն երկկողմ հարաբերություններով:
«Ես այստեղ եմ որպես ՆԱՏՕ-ի անդամ երկրի ներկայացուցիչ: Մենք քննարկեցինք նաեւ անվտանգության խնդիրներ, ինչպես նաեւ հարցեր, որոնք առնչվում են Արեւելյան գործընկերության առաջիկա գագաթնաժողովին, որը պատրաստվում ենք անցկացնել արդեն հաջորդ ամիս: Մեր առաջարկով այն կկայանա Բրյուսելում, որպեսզի կարողանանք կենտրոնացնել եվրոպական բոլոր երկրների ուշադրությունը: Նախարարի հետ քննարկել ենք նաեւ Արեւելյան գործընկերության ծրագրերի բարելավման հարցը, որը բխում է երկու երկրների շահերից»,-ընդգծեց Վիտոլդ Վաշչիկովսկին:
Նա հավելեց, որ պատրաստվում են նաեւ առաջիկա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որը հավանաբար տեղի կունենա հաջորդ տարվա մայիսին:
«Այս շրջանակում լիարժեք աշխատանք է իրականացվում ՆԱՏՕ-ի կողմից, այն մշտադիտարկում է մարտահրավերները բոլոր ուղղություններով: Եվ ես նաեւ այստեղ եմ, որպեսզի լսեմ հայ քաղաքական գործիչների մտահոգությունները՝ կապված Կովկասում անվտանգության խնդիրների հետ»,-եզրափակեց Լեհաստանի արտգործնախարարը: