ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Կարնեգի հիմնադրամի Կովկասի անվտանգության հարցերով առաջատար մասնագետ Թոմաս դե Վաալի պնդմանը, թե մեր տարածաշրջանում մշակվում և հրահրվում է պատերազմի սցենար, ինչպես նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որ պատերազմ չի լինի, ասաց, որ եթե անգամ մեր տարածաշրջանում պատերազմ հրահրելու սցենար մշակվում է, ապա, անտարակույս, դա արվում է Թուրքիայի կողմից, քանի որ վերջինիս խիստ անհրաժեշտ է ապակայունացնել իրավիճակը Հարավային կովկասում՝ դրանով իսկ միջազգային կառույցների ուշադրությունը շեղելով «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ)ահաբեկչական կազմակերպության ահագնացող գործողություներից, որոնք ծավալվում են Թուրքիայի Սիրիայի և Իրաքի ողջ սահմանով մեկ։

 

 

-Պարո՛ն Գեղամյան, ամերիկյան Կարնեգի հիմնադրամի Կովկասի անվտանգության հարցերով առաջատար գիտաշխատող Թոմաս դե Վաալը անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին՝ հայտարարելով, որ Հայաստանը և Ադրբեջանը պատերազմի եզրագծին են։ Մինչ այդ Նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ պատերազմ չի լինի, բայց խոստացավ, որ գալու է հատուցման օրը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունները և արդյո՞ք նախագահի հայտարարությունն ուղղված էր պատերազմ հրահրող այն կողմին, որին ձեռնտու է տարածաշրջանի ապակայունացումը։



- Թոմաս դե Վաալը նման եզրակացություն անելու համար, հավանաբար, ունի որոշակի հիմքեր: Նա 88-թ-ին սովորել է Օքսֆորդում և հետագայում շատ հետաքրքիր աշխատություն է գրել, քիչ թե շատ օբյեկտիվին մոտեցող, որը կոչվում է Black Garden: Armenia and Azerbaijan Through Peace and War (Սև այգի. Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության և պատերազմի միջով)։

 

Նա բնականաբար ավելի շատ շփվում է արևմտյան փորձագիտական շրջանակների հետ և հանդիսանալով Կարնեգի հիմնադրամի Կովկասի անվտանգության հարցերով առաջատար գիտաշխատող՝ թերևս իր շփումների արդյունքում ստացած տեղեկատվությամբ եկել է նման եզրակացության։

 

Սա գալիս է ասելու, որ իրոք նման սցենարներ միգուցեև մշակվում են, իսկ Սերժ Ազատի Սարգսյանի եզրակացությունը, ըստ որի պատերազմը բացառվում է հակամարտության գոտում, հիմնված է շատ ավելի հավաստի տեղեկատվության վրա։ Չմոռանանք, որ անցած երեքուկես ամիսների ընթացքում խնդրո առարկայի վերաբերյալ մանրակրկիտ բանակցություններ է վարվել նախ Սոչիում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ, դրանից հետո Ուելսի Նյու Պորտում՝ Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերիի և Ալիևի, և վերջերս էլ՝ շուրջ մեկ ամիս առաջ Փարիզում՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ։

 

Այլ կերպ ասած տեղի են ունեցել շահագրգիռ քննարկումներ Մինսկի խմբի համանախագահ երկրների լիդերների և ՀՀ-ի և Ադրբեջանի նախագահների միջև։ Ընդ որում, Փարիզի հանդիպումից հետո, եթե հիշում եք, մեր երկրի Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ այնուամենայնիվ, այս հանդիպումների արդյունքում կային դրական երանգներ, ուստիև այդ ամենը հաշվի առնելով ՀՀ նախագահը հայտարարել էր (ուշագրավ է, որ ԼՂՀ տարածքում մասշտաբային զորավարժությունների ընթացքում), որ պատերազմի վտանգ չկա։ Կարծում եմ, որ Սերժ Սարգսյանի այդ հայտարարության հիմնավորումներից մեկը կարող է լիներ այն իրողությունը, որ երբ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների մակարդակով ձեռք են բերվում որոշակի պայմանավորվածություններ, ապա պատերազմի սանձազերծումն Ադրբեջանի կողմից ոչ այլ ինչ է, քան յուրովի արհամարհական դրսևորում ՌԴ նախագահի, ԱՄՆ պետքարտուղարի, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահի նկատմամբ։

 

 

Ուրիշ բան, որ մեր երկրի Գերագույն գլխավոր հրամանատարի սառնասիրտ և հաշվարկված պատասխանը ամբողջովին խառնեց ադրբեջանա–թուրքական ռազմավարների կողմից մշակված սցենարը՝ ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում։ Ակնհայտ է՝ Ադրբեջանը շատ կուզենար, որ ՀՀ-ի հանդիպակաց քայլերը լինեին այնպիսին, որ չեզոքացվեր այն խիստ բացասական արձագանքը, որին արժանացավ ադրբեջանական կողմը՝ օդային ծովահենություն կատարելով, այն է՝ կործանելով ԼՂՀ բանակի «ՄԻ–24» ուղղաթիռը, որը չէր հատել ադրբեջանա–ղարաբաղյան հակամարտության բաժանարար գոտին։

 

Այս ամենի արդյունքում, երբ ադրբեջանական կողմը գնացել էր նման հանդուգն սադրանքի, գալիս է ապացուցելու, որ իրենց կողմից կանխավ ծրագրված սցենարը տապալվեց, ինչի արդյունքում նրանք հայտնվեցին անբարենպաստ վիճակում, իսկ ժամանակային առումով՝ ցայտնոտի մեջ։

 

Ինքնին հասկանալի է, որ ադրբեջանական կողմը գիտակցում է, որ այլևս չի կարող խուսանավել այն պայմանավորվածությունների կատարումից, որոնք ձեռք էին բերվել վերջին երեքուկես ամիսների ընթացքում Մինսկի խմբի համանախագահ երկրների լիդերների հետ ունեցած հանդիպումներում։ Շարունակությունն՝ այստեղ: