Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը միացել է եռյակին, քանի որ իր «մեկնած ձեռքն» ընդունել են: «Ես կարծում էի, որ եռյակը միայն խորհրդարանական ուժերից է բաղկացած, բայց, ի զարման ինձ, իմ մեկնած ձեռքն ընդունեցին, լուրջ պայքար է լինելու»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Տիգրան Կարապետյանը' հավելելով, որ չնայած դեռ չի հանդիպել եռյակի ուժերի ղեկավարների հետ, բայց հաջորդ հանրահավաքին լինելու է հարթակին:

 

«Ես համարում եմ, որ յուրաքանչյուր քաղաքական միավոր իր յուրահատկություններն ունի, որը ընդհանուր գծին չի խանգարում: Եռյակի մեջ էլ հակասություններ կան, բայց դա չի նշանակում, որ պայքար չի լինելու: Մենք ցանկանում ենք մի բան, որ արդար պետության մեջ ապրենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց Տիգրան Կարապետյանը:

 

Երբ լրագրողներից մեկը Կարապետյանին հիշեցրեց նախկին ասուլիսի ժամանակ իր արտահայտած միտքը, որ կմիանան եռյակին այն դեպքում, երբ արժանի լինի եռյակը դրան ու ժողովուրդը ինքնաբուխ հավաքվի, ինչ է փոխվել այս ընթացքում, նա ասաց. «Մեր կուսակիցների հետ խորհրդակցում ենք, պահն է եկել, որ միաձուլվենք: Բացի դրանից, ես, ճիշտն ասեմ, որ եռյակը մի քիչ վստահության խնդիր ունի, ոչ բոլորն են ընդունում այն, որոշները կարծում են, որ իշխանական պրոյեկտ են: Բայց ես համոզվեցի, որ ոչ իշխանական են, երբ ձեռք մեկնեցի և այն ընդունեցին»:

 

Տիգրան Կարապետյանի խոսքով' ժողովուրդը ժամանակին իր կողքին չկանգնեց, ԱԼՄ հեռուսատընկերությունն իր ձեռքից տարան: «Իմ ուղիներով տեղյակ եմ, որ Գագիկ Ծառուկյանի բոլոր ձեռնարկությունները մինուսով են աշխատում, միայն դրսից է փող բերում. ձեռքից տանում են կամ դժվարություններ են ստեղծում: Հիմա մենք պիտի բոլորս կանգնենք, որ ամեն մեկը չհասնի իմ օրին, որ ձեռքներից չտանեն, որովհետև կտանեն: Ժողովուրդը պետք է տեր կանգնի: Տեր կանգնի ինձ, տեր կանգնի Գագիկ Ծառուկյանին, այն բոլոր մարդկանց, ովքեր ուզում են ինչ-որ բան փոխել այս երկրում: Եթե ժողովուրդը կասկածի տակ դնի, ոչ մի բանի չենք հասնի»,- ավելացրեց Տիգրան Կարապետյանը:

 

Խորհրդարանական երեք ուժերը' «Ժառանգությունը», Հայ ազգային կոնգրեսն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, հայտարարել են, որ հանրահավաքային պայքար են սկսել: Նրանք արդեն երկու հանրահավաք են արել, սակայն դեռեւս միասնական օրակարգ չունեն: ՀՅ Դաշնակցությունը, որն ավելի վաղ որոշ հարցերի շուրջ համագործակցում էր երեք ուժերի հետ' լքեց քառյակը' ընդգծելով, որ կողմ է Սահմանադրական բարեփոխումներին և չի կարող հարթակում գտնվել այն ժամանակ, երբ մյուս ուժերը դեմ են արտահայտվում այդ բարեփոխումներին: