Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը ողջունում է Շանթ Հարությունյանի հեղափոխության փորձը և կարծում, որ միայն ժողովրդի ոտքի ելնելով է հնարավոր իրական հեղափոխության հասնել։

 

«Դա ճարահատված մարդկանց քայլ էր, և այդ քայլերը շատանալու են, որովհետև այսօր հուսալքվածները շատ են: Ես սա ամեն դեպքում ողջունում եմ ու չեմ համարում, որ դա շինծու էր։ Շանթը Հարությունյանին բոլորը գիտեն, ինքը իր ձևաչափի մեջ է և արդար մղումներով է առաջնորդվում»,- Tert.am-ի հետ զրույցում նշեց նա։

 

Պարզվեց Տիգրան Կարապետյանը այս գործընթացներին միայն դիտորդի դերում չէ և աստիճանաբար վերադառնում է քաղաքական գործընթացներին և դեռ ավելի ակտիվ մասնակցություն կունենա, եթե ժողովուրդը ի վերջո ոտքի կանգնի:

 

«Ես գնում եմ իհարկե հավաքներին, օրինակ իմ տեղակալը, խորհրդի նախագահը մշտապես մասնակցում է այդ գործընթացներին։ Այսօր էլ գնաց ազատամարտիկների կլոր սեղանին և ելույթ է ունենալու, ես էլ պատրաստ եմ միանալ, ինձ էլ ոչ մի բան պետք չէ, ես ընդհանրապես ոչ մի հավակնություն չունեմ, ժողովրդի համար է սիրտս ցավում, ու միշտ էլ ցավացել է»,-ասաց նա։

 

Տիգրան Կարապետյանը զարմանում է՝ ինչպես կարելի է նման իշխանություն ու հոգևոր դաս ունենալ ու ոտքի չկանգնել։

 

«Հանրապետականներն ասում են՝ մենք տեր ենք ժողովրդին: Ուզում եմ հասկանալ, ի՞նչ են տեր, ժողովուրդը հուսալքված, պարտքի մեջ խրված է, ես ինչքան ծանոթ ունեմ բանկից վարկ են վերցրել 20%-ով... էս ի՞նչ վարչապետ ա, էս ի՞նչ տերտերներ են՝ բենթլի քշողներ ու բոլորը բիզնեսով են զբաղվում. տերտերը գարեջուր է արտադրում, սուրբ Մարիամ ջուր է արտադրում, ես չեմ հասկանում, ո՞ւր է հավատքը, մաքրությունը, ճշմարտությունը»,-զարմանում է Կարապետիչը և հարց բարձրացնում, թե ինչպես կարելի է հուսալքված ժողովրդին շարունակել կողոպտել։

 

Հարցին, թե մի ժամանակ Տիգրան Կարապետյանն էլ հուսահատված էր, և այդ դեպքում ինչո՞ւ հրաժարվեց պայքարից, ՀԺԿ նախագահը պատասխանեց. «Հուսահատված...գիտեք ոնց եմ մտածում, մենք մի կտոր հաց ունենք գոնե, որ սոված ժողովուրդը ոտքի չի կանգնում, մե՞նք կանգնենք։ Թող ժողովուրդը կանգնի, ելնելով իրավիճակից՝ մենք գլխավորենք, որովհետև գիտեք ինչ, երեկ ես նկատեցի ազատամարտիկների հանրահավաքն էր, 200-300 հոգի մարդ կար, պետք է լիներ 200 000։ Ժողովուրդը պետք է հասկանա, որ ազատամարտիկները պաշտոն չեն ուզում, նախագահ չեն ուզում դառնալ, ժողովրդի համար են ոտքի կանգնում, ու մենք ջանքեր ենք գործածում, որ ժողովուրդը դա հասկանա, ելույթներ ենք ունենում, ներկա ենք լինում, ոչ թե դա լինի խոսակցական մակարդակում, այլ գործեր լինեն, վճռական լինեն, պատիվ պահանջեն»,-ոգևորվեց նա։

 

Նա գիտի, թե ինչու չեն կանգնում, որովհետև վախենում են, որ բանտեր կնստեցնեն, բայց խորհուրդ է տալիս՝ ոչ թե 50-100 հոգով պետք է կանգնել, ինչպես Շանթ Հարությունյանի դեպքում էր, այլ 500 000։ «Ի՞նչ է, էդ դեպքում կարայի՞ն ոստիկանները տենց բան անեն, չէին կարողանա անել»,-ասաց նա։

 

Իսկ թե հեղափոխության դեպքում կա՞ այլընտանքը, Տիգրան Կարապետյանը պատասխանեց, թե ով էլ լինի, կարևորը ընտրված լինի։

 

«Թող արդար լինի, ընտրովի լինի, յուրաքանչյուրը լինի։ Դուք հասկանու՞մ եք, եթե այսօր ժողովուրդը արդար ընտրությամբ ընտրի ամենանվազագույն ու ամենավատ մարդուն, ես կընդունեմ, որովհետև դա ժողովրդի ընտրությունն է, բայց չենք ընտրում, իրենք են ընտրում, իրանց վերարտադրում, թալանում, կողոպտում, դարձյալ այս բռնապետությունը, այս ճգնահայրենիքը։ Ունե՛նք հնարավորություն, ի վերջո 15 տարի է նույն մարդիկ են, նույն ցիրկն է, նույն վարվելակերպն է»,-ասաց նա։

 

Ամեն դեպքում նա զգում է՝ ծովն ալեկոծվում է, փոթորիկ կլինի:

 

«Խնդիրը հետևյալն է, որ այսօր ժողովուրդը, սոված ժողովուրդը, պարտքերի մեջ ժողովուրդը անելանելի վիճակի մեջ է, անպայման ըմբոստանալու է, կլինի դա այսօր, կլինի դա վաղը, կլինեն դա ազատամարտիկները, թե մյուսները, պետք է իշխանությունը հասկանա, որ սա երկիր չի, սա ժողովրդական երկիր է, ու այս տանջված, տառապած ժողովրդին հարկավոր է օգնել և ոչ թե կողոպտել։ Ուշ թե շուտ ծովն ալիքներ է տալիս, ալեկոծվում է, փոթորիկ կլինի, եթե այսպես շարունակվի: Շանթին տարան, ազատամարտիկները կանգնեցին, հո չեն կարա բոլորին տանել»,-եզրափակեց նա։