Արցախցի կանայք խաղաղ հավաք էին կազմակերպել Ստեփանակերտում՝ իրենց ձայնը միջազգային կառույցներին լսելի դարձնելու համար, կրկին ուշադրություն հրավիրելու Արցախում Ադրբեջանի միջամտությամբ գազամատակարարման դադարեցման, դրա արդյունքում ստեղծված հումանիտար աղետի վրա:
Ստեփանակերտում հավաքված կանանցից մեկը հայտարարեց. « Բոլոր միջազգային կառույցները, մարդասիրական սկզբունքներից ելնելով, մեր այս իրականության հետ ոչ թե պետք է համակերպվեն, հորդորեն, կոչ անեն, այլ ձեռնարկեն հստակ քայլեր»:
Նրանք շեշտեցին՝ այս պահին հումանիտար աղետ է տիրում Արցախում, և աշխարհը, բոլորը տեղյակ են, թե ով է դրա մեղավորը:
Կանայք ընդգծեցին՝ Ադրբեջանն օգտվելու է առիթից, և հնարավոր է, որ էլ ավելի վատ վիճակում հայտնվեն: Արցախցի կանայք հիշեցրին, որ արցախցին աշխարհում ապրող որևէ այլ քաղաքացու հետ հավասար ունի նույն իրավունքները, սակայն այս պահի դրությամբ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով հայտնվել են անելանելի վիճակում: «Եվ ամենացավալին այն է, որ չկա որևիցե կառույց, որը կարող է ստիպել ագրեսորին՝ վերջ տալ իր վայրագություններին»,-ընդգծեց կանանցից մեկը:
Նրանք շեշտեցին՝ արցախցին տեր է իր հողին, իր իրավունքներին: «Պահանջում ենք, որպեսզի միջազգային բոլոր կառույցներն անհապաղ զբաղվեն Արցախի բնակիչների անվտանգության հարցով, քանի որ սա ոչ միայն կենցաղային խնդիր է, այլ հենց անվտանգության հարց է: Որևիցե արցախցի չի ցանկանում թողնել իր հողը, տունը և լքել Արցախը: Թող Ադրբեջանը դա հասկանա՝ արցախցին ապրել է և ապրելու է Արցախում»-նշեց հավաքի մասնակից կանանցից մեկը՝ ընդգծելով, որ պայքարելու են մինչև վերջ, հակառակորդը չի կարող Արցախը հայաթափել:
Արցախի Հանրապետությունում գազամատակարարումը դադարեցվել էր մարտի 7-ի լույս 8-ի գիշերը՝ ադրբեջանական կողմի վերահսկողության տակ գտնվող տարածքում գազատար խողովակի պայթելու պատճառով: Ադրբեջանական կողմը թույլ չէր տալիս հայկական կողմին, ՌԴ խաղաղապահներին մոտենալ Արցախ մտնող միակ գազատար խողովակին և վերականգնել գազամատակարարումը: Այնուհետև ՀՀ կառավարության և ռուս խաղաղապահների աջակցությամբ իրականացվող բանակցությունների շնորհիվ ադրբեջանական կողմը կատարել էր վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքներ: Մարտի 21-ից Ադրբեջանի միջամտությամբ Արցախում կրկին դադարեցվել էր գազի մատակարարումը: Արցախից հայտարարել էին՝ ունեն բավարար հիմքեր պնդելու, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ դադարեցրել է գազամատակարարումը։