Սահմանամերձ համայնքների բնակիչների կոմունալ վճարների մասնակի փոխհատուցման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը քաղաքական երկխոսության դասական օրինակ է:
Այս մասին Ազգային ժողովում «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ փոխնախագահ էդուարդ Շարմազանովը: «Մենք անընդհատ խոսում ենք երկխոսության մասին: Եվ այս նախագիծը հենց երկխոսության դասական օրինակ է, երբ Ազգային ժողովի 6 խմբակցությունները և կառավարությունը կարողանում են հանրության համար կարևորագույն հարցերի շուրջ քննարկումների արդյունքում գալ միասնական հայտարարի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:
Նա համոզվածություն հայտնեց, թե կառավարության կողմից ներկայացված այս նախագիծը ցույց է տալիս, որ կա համագործակցության հեռանկար: «Այս նախագիծը ցույց տվեց նաև, որ մենք անհրաժեշտության դեպքում կարողանում ենք համախմբվել՝ անկախ նրանից՝ ընդդիմություն ենք, իշխանություն, թե այլընտրանք»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը:
Նա ընդգծեց, որ ներկայացված նախագծով քաղաքական իշխանությունը, կառավարությունը ցույց են տալիս, որ լսում են ցանկացած պատգամավորի կառուցողական առաջարկ՝ անկախ նրա իշխանություն կամ ընդդիմություն լինելուց: «Ես բոլորին հորդորում եմ մինչև առաջինից երկրորդ ընթերցում միասնական աշխատել կառավարության ներկայացուցչի հետ, քանի որ սահմանամերձ գյուղի բնակչի համար երկրորդական է՝ մենք իշխանությա՞ն, թե ընդդիմության պատգամավոր ենք: Մենք Ազգային ժողովի պատգամավորներ ենք և կառավարության հետ պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեր ժողովրդի «մատից փուշ հանենք»»,- եզրափակեց Շարմազանովը:
Ազգային ժողովն ավարտեց «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի քնարկումը: Նախագծով նախատեսվում է ՀՀ պետական բյուջեից մասնակի փոխհատուցել շուրջ 31 սահմանամերձ համայնքների բնակիչների կոմունալ վճարները: Օրենքն ուժի մեջ կմտնի 2015թ. հունվարի 1-ից և կգործի մինչև 2018թ. հունվարի 1-ը: