Հայաստանում ամբողջական իշխանափոխության և պետության ղեկավարի հրաժարականի հարց որպես այդպիսին գոյություն չունի: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Այս փաստն ապացուցեց մեր գործընկերներից մեկի՝ հանրապետության Նախագ ահին պաշտոնանկ անելու վերաբերյալ նախաձեռնած ստորագրահավաքը, որին միացավ ընդամենը 2 պատգամավոր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ:
Նա ընդգծեց, որ սա ցույց է տալիս, որ Ազգային ժողովի քաղաքական ճնշող մեծամասնությունը՝ 128 պատգամավոր, ովքեր չեն ստորագրել այդ նախաձեռնության տակ ընդունում են, որ ամբողջական իշխանափոխության հարցն այսօր Հայաստանի քաղաքական դաշտ բերված արհեստածին և մտացածին հարց է:
Դիտարկմանը, թե փաստորեն Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը ՀՀԿ-ի սրտով էր, Շարմազանովը պատասխանեց, որ ցանկություններն ու զգացմունքները «ռեալ պոլիտիկի» դաշտից չեն: «Իշխանությունների սրտով կլինի, երբ մեր ժողովուրդը կապրի շատ լավ, երբ բոլոր սոցիալական խնդիրները կլուծվեն, երբ քաղաքական դաշտում բոլոր քաղաքական ուժերը լինեն քաղաքական մշակույթի և կոռեկտության սահմաններում, երբ երկրում չլինի անվտանգության և պատերազմի սպառնալիք»,- ընդգծեց Շարմազանովը: