Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում 1988 թվականին տեղի իշխանությունների կողմից կազմակերպված հայերի զանգվածային ջարդերի փաստը պետք է տեղափոխվի միջազգային իրավական դաշտ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' փետրվարի 24-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Սոցիոլոգն Ադրբեջանի ներկայիս իշխանությունների քաղաքականությունում նույնպես տեսնում է ազգատյացություն:
«Հայաստանը պետք է Սումգայիթյան ջարդերի փաստը տեղափոխի միջազգային իրավական դաշտ, որպեսզի այն գնահատվի որպես հայերի դեմ կազմակերպված ցեղասպանություն 20-դարի ավարտին: Դա կունենա նաև կանխարգելիչ բնույթ նման երկրների համար, ինչպես նաև Հայաստանը կստանա բարոյական փոխհատուցում»,- ասաց Ադիբեկյանը:
Նրա խոսքով'Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանության կողմից կազմակերպված հայերի ջարդն ուղղված էր Ղարաբաղյան շարժման դեմ՝ այդ կերպ փորձելով վախեցնել հայերին: «Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանության կողմից կազմակերպված հայերի ջարդի իրական թիվը դեռ հայտի չէ: Պաշտոնական տվյալների համաձայն' այդ օրերին զոհվել է 26 հայ: Սումգայիթյան ջարդը Ղարաբաղյան պայքարի դեմ Ադրբեջանի արձագանքն էր՝ այդ կերպ փորձելով դաս տալ և վախեցնել հայերին»,- ասաց Ադիբեկյանը:
Սոցիոլոգը նշեց, որ նման մեխանիզմներ օգտագործվել և օգտագործվում են տարբեր երկրներում. իշխանություններն օժանդակում են ազգայնամոլական կազմակերպություններին ու խմբերին և առաջ են տանում սեփական շահերը:
«Սումգայիթում հայերը, լինելով կրթված, ապրել են բարեկեցիկ կյանքով, սակայն միևնույն ժամանակ Սումգայիթի բնակչության ¼-ը կազմում էր նախկին դատապարտյալներ, հանցագործներ և ցածր խավը: Եվ ինչպես Նացիստական Գերմանիայում գերմանացիներին հրահրեցին հրեաների դեմ' «դու վատ եք ապրում, որովհետև իրենք լավ են ապրում» սկզբունքով, նույնը տեղի ունեցավ Սումգայիթում: Դրա հետևանքով Ադրբեջանից արտագաղթել էր 400 հազար մարդ' հիմնականում Գանձակից, Շահումյանի շրջանից և Բաքվից: Արտագաղթներից մի մասը' մոտ 200 հազար մարդ, տեղափոխվեց Հայաստան»,- նշեց սոցիոլոգը:
Սումգայիթի ջարդերը չէին կարող ունենալ փոքր մասշտաբ: «Ջարդերի հաջորդ օրը կարգը պահպանելու համար Խորհրդային Միության դեսանտային դիվիզիան տեղափոխվել էր Սումգայիթ: Պաշտոնական տվյալներով' այդ օրերին 276 զինծառայող վիրավորվել է: Պատկերացրեք ջարդերի մասշտաբը, եթե դիվիզիան այդքան վիրավորներ է ունեցել»,- ընդգծեց Ադիբեկյանը:
Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից պետական մակարդակով կազմակերպված քաղաքի հայ ազգաբնակչության եղեռն և զանգվածային տեղահանություն, որը տեղի է ունեցել 1988 թվականի փետրվարի 27-ից 29-ը ընկած ժամանակահատվածում։
Հայ ազգի դեմ իրականացրած այս հանցագործության նպատակն էր կանխել Արցախյան շարժումը, հայերին ահաբեկելով նոր արյունահեղ գործողությունների հեռանկարով՝ կանխել Արցախյան ազատագրական պայքարի տարածումը։