Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ աշխարհի հայությունը պետք է ավելի ուժեղացնի աշխատանքներն այդ ոճրագործության միջազգային ճանաչման ու դատապարտման ուղղությամբ: Այս հարցում թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը կարեւորում է այն հանգամանքը, որ հարցի միջազգային ճանաչումից պետք է անցում կատարել դեպի իրավական դաշտ եւ իրավական տիրույթում լուծել Հայոց ցեղասպանության հարցը:

 

«Պետք է կյանքի կոչել «Պահանջում եմ եւ դատապարտում» կարգախոսը եւ այդ առումով ներգրավել նաեւ միջազգային իրավաբանների եւ, ստեղծելով խումբ, միջազգային դատարանում քննել Հայոց ցեղասպանության հարցը: Պետք է կարողանանք մեր պահանջը մոտեցնել իրականությանը միջազգային իրավունքի տեսանկյունից: Պետք է ուժեղացնենք հետազոտական աշխատանքն այս բնագավառում եւ համատեղ հետազոտական աշխատանքի մեջ ներգրավենք արտասահմանցի առաջատար մասնագետների: Այս առումով բավական աշխատելու տեղ ունենք»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Սաֆրաստյանը' հավելելով, որ միջազգային իրավունքի մասնագետները մեծ նշանակություն են տալիս հեղինակությունների տեսակետներին:

 

«Եթե մենք կարողանանք ոլորտի հեղինակություններին ներկայացնել խնդրի էությունը, համոզված եղեք, որ բարենպաստ հող կստեղծվի իրավական դաշտում այս հարցի լուծման համար: Այս աշխատանքը պետք է արվի, և պետք է պատրաստ լինենք երկարաժամկետ աշխատանքի: Մենք գործ ունենք Թուրքիայի հետ' երկրի, որը մեծ ռեսուրսներ է ներդնում այÕ ¤ հարցի դեմ պայքարում, բայց քանի որ ճշմարտությունը մեր կողմն է, մենք պետք է կարողանանք հասնել հաջողության»,- ասաց Սաֆրաստյանը: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցին' Սաֆրաստյանն ասաց, որ 2014թ. Հունաստանի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացումը եւ Բոլիվիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը քայլեր են, որոնք Սփյուռքի եւ հայ դիվանագետների կատարած մեծ աշխատանքի արդյունքն են: Ամփոփելով տարին հայ-թուրքական հարաբերությունների մասով' թուրքագետն ասաց, որ որեւէ փոփոխություն չկա, թուրքական կողմի սկզբունքները մնացել են նույնը, պատճառները' նույնպես:

 

«Թուրքիայի քաղաքականությունը տասնամյակներ շարունակ մնում է նույնը, այն է' նախապայմաններ առաջադրել եւ Հայաստանի դիվանագիտությունը փոխել: Հայաստանը չի փոխում իր դիրքորոշումը, պետական քաղաքականության մեջ որեւէ փոփոխություն չկա»,-ասաց Սաֆրաստյանը:

 

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց ցեղասպանության հարցի առնչությամբ Արևմուտքի քննադատությանը։ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են 20-ից ավելի երկրներ, այդ թվում' Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Նիդեռլանդները, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, ԱՄՆ 42 նահանգներ, Եվրոխորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:

 

 

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ