Հայոց ցեղասպանության հարցը իրավական դաշտ տեղափոխելը Հայաստանի համար կարևորագույն գերխնդիրներից մեկն է:

 

Այս մասին հոկտեմբերի 6-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց թուրքագետ Գևորգ Պետրոսյանը: «Հիմա մենք ամբողջովին կենտրոնացել ենք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման վրա, ինչը, ինչպես ցույց է տալիս փորձը, անարդյունավետ է: Ուստի ժամանակն է իրավական դաշտում խնդրի լուծումը գտնել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց թուրքագետը՝ ընդգծելով, որ այս համատեքստում դրական քայլ է Արամ Ա կաթողիկոսի հայտարարությունն այն մասին, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունն առաջիկայում կդիմի Թուրքիայի ՍԴ՝ Սիսի նստ ավայրի և կալվածքների վերադարձի պահանջով:

 

Միևնույն ժամանակ, թուրքագետը նկատում է, որ հարցն իրավական դաշտ տեղափոխելու համար հարկավոր է գործել խիստ կազմակերպված և հաշվարկված: «Այսինքն՝ այստեղ պետք է լուրջ ուշադրություն դարձնենք, որպեսզի կարողանանք հարցը մեր օգտին առաջ տանել: Որովհետև անկազմակերպ քայլերը թեկուզ իրավական դաշտում բացասաբար կազդեն մեզ վրա»,- նշեց թուրքագետը՝ ընդգծելով, որ հաջողություն պետք է գրանցել միջազգային ատյաններում, քանի որ Թուրքիայի ներսում արդարության հասնել նույնիսկ թուրքերը չեն կարողանում:

 

Նա ընդգծեց, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Թուրքիայում լինելու են միջոցառումներ, որոնց աջակցելու են այդ երկրի իշխանությունները, որովհետև Թուրքիային պետք է իմիտացիա ստեղծել, որ ինքը փոխել է դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում: «Այս տեսանկյունից նման միջոցառումները միջազգային հանրության մոտ կարող են փոփոխվող Թուրքիայի նոր իմիջ ձևավորել, ինչն էլ բխում է այդ երկրի շահերից»,- ասաց նա՝ընդգծելով, որ նման միջոցառումները Հայոց ցեղասպանության ժխտողականության արդիականացված տարբերակներն են, սակայն դրակա ն արձագանք են գտնում միջազգային ասպարեզում: