Հայաստանը պետք է փոխի մոտեցումը Հայոց ցեղասպանության հարցում՝ տեղափոխելով այն իրավական դաշտ: Այս մասին ապրիլի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանը: «Մինչ այս մենք պայքարել ենք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը հասնելու համար, սակայն ակնհայտ է, որ այն ճանապարհը, որով մենք հիմա գնում ենք, այլևս արդյունավետ չէ, և հարկավոր է փոխել մոտեցումները»,-ասաց Մարուքյանը:

 

Նա նշեց, որ անհրաժեշտ է պայքարել Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման և փոխհատուցման հասնելու համար, քանի որ միայն ճանաչումը ոչինչ չի կարող տալ: «Մենք այս պահին ունենք Ցեղասպանության հետևանքներ, որոնց հաղթահարումն այսօր օրակարգային հարց է»,- նշեց Մարուքյանը:

 

Մարուքյանը տեղեկացրեց, որ այս տարի իրենք ընթերցողի դատին են հանձնել «Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարումը և դրա պատմաիրավական հիմնավորումները» խորագրով գիրքը, որում փորձ է արվում պատմական հայտնի դեպքերը տեղափոխել իրավական դաշտ, ինչպես նաև պարզել, թե ինչ դժվարություններ պետք է հաղթահարվեն այդ ճանապարհին: «Գրքում տրվում են նաև Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման պատմաիրավական հիմնավորումները»,- ասաց Մարուքյանը:

 

Գիտնականի խոսքով, իրենք կանգ չեն առնելու այսքանով: Նա տեղեկացրեց, որ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի աշխատակիցները, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ, Հայոց ցեղասպանության հետ կապված ծրագրերի ՀՀ նախագահի դրամաշնորհների շրջանակում իրականացնում են «Հայոց ցեղասպանությունը որպես մարդկության դեմ հանցագործություն» թղթածրարի պատրաստման ծրագիրը:

 

Մարուքյանը նշեց, որ այս պահին Օսմանյան Կայսրության իրավահաջորդը Թուրքիայի Հանրապետությունն է, իսկ Թուրքիայի դեմ դատական հայցով կարող է հանդես գալ միջազգային իրավունքի սուբյեկտը, որը տվյալ դեպքում Հայաստանի Հանրապետությունն է: