Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Կորյուն Նահապետյանը հույս ունի, որ Հայաստանում իրականացվող սահմադրական բարեփոխումների արդյունքում Հայաստանը կվավերացնի Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը:

 

Պատգամավորի խոսքով' նշյալը նախատեսում է ցեղասպանության հանցագործությունը որպես իրեն ընդդատյա հանցագործություն, հետևաբար' վավերացումնօգտակար կարող է լինել աշխարհում Հայոց ցեղասպա նության ոճրի իրավական դատապարտման տեսակյունից: Այս մասին հայտարարեց ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն' «Աշխարհն առանց ցեղասպանությունների» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ:

 

«Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը 2004 թվականի օգոստոսին ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից ճանաչվել է սահմանադրությանը հակասող: Այն նախատեսում է ցեղասպանությունը որպես իրեն ընդդատյա հանցագործություն, հետևաբար, այստեղ մտածելու տեղ ունենք: Կարծում եմ, որ առաջիկայում շատ ակտիվ քայլեր պետք է ձեռնարկենք սահմանադրական բարեփոխումների համատեքստում լուծելու այս հիմնախնդիրը:

 

Ի դեպ, սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի շրջանակում արդեն նախատեսված է նման հնարավորություն, ու նոր նախադրյալներ պետք է ստեղծվեն, որպեսզի մենք կարողանանք վավերացնել Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունն ընդունելու համաձայնագիրը, որը ստորագրել ենք 1998 թվականին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ' նշեց պատգամավորը:

 

Նրա հավաստամամբ' դա Հայաստանի համար նշանակալի քայլ կլինի' ցույց տալու համար աշխարհին, որ միջազգային պարտավորությունների իրականացման ու, հատկապես, ցեղասպանությունների կանխարգելման ու դատապարտման առումով առաջանցիկ քայլեր են կատարվում: «Իրավական առումով հաջորդ կարևոր խնդիրը ՀՀ օրենսդրության համապատասխանեցումն է այս բնագավառում գործող մեր միջազգային պարտավորություններին:

 

Կուզենայի առանձնացնել ՀՀ քերական օրենսգիրքը, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում ինչպես ցեղասպանության, այնպես էլ ցեղ ասպանության հանցագործությունը հերքելու, մեղմացնելու, հավանություն տալու, արդարացնելու համար: Վերջին այս հանցագործությունը գրանցվել է 2006-ին, որի համար նախատեսված է պատիժ ինչպես տուգանքի ձևով, այնպես էլ ազատազրկմամբ:

 

Մենք վերանայելու անհրաժեշտություն ունենք նաև այս հանցագործության համար սահմանող պատժելիությունը, քանի որ ուղղակի զավեշտ կարելի է համարել նման հանցանքի համար նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեք հարյուրապատիկի չափով տուգանքը կամ ազատազրկումն առավելագույնը չորս տարի ժամկետով»,- նշեց Կորյուն Նահապետյանը ' վստահություն հայտնելով, որ շուտով նոր օրենքի նախագիծ կներկայացվի ԱԺ, ու իրենք կառաջարկեն նաև քրեական պատասխանատվության փոփոխություն:

 

Անդրադառնալով ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիային' Կորյուն Նահապետյանը շեշտեց, որ ինքը ևս կոնվենցիայի մի շարք կետերի կարգավորումների շուրջ ունի հարցադրումներ: «Առաջին հերթին' դա վերաբերում է ցեղասպանությունը հերքելու, հավանություն տալու, արդարացնելու խնդիրներին:

 

Կարծում եմ' արդեն ժամանակն է, որ մենք ինքներս նախաձեռնենք այս կոնվենցիայի նոր արձանագրություն, որով կարող ենք անդրադառնալ բոլոր այն հարցադրումներին, որոնք կապված են ցեղասպանության հանցագործությունը հերքելուն: Կան անելիքներ, որոնց ուղղությամբ Հայաստանի Հանրապետությունը պետք է շատ ակտիվ լինի»,-եզրափակեց պատգամավորը: