Հայ մտավորականները Հայոց ցեղասպանության պահանջատիրության հարցն իրավական հարթակ տեղափոխելը համարում է ամենաճիշտ ճանապարհը:

 

Սեպտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը ողջունեց Հայոց ցեղասպանության պահանջատիրության հետ կապված խնդիրները իրավական դաշտ տեղափոխելու նախաձեռնությունը' միաժամանակ մտահոգություն հայտնելով, որ հայությունը դրան դեռևս լիակատար պատրաստ չէ:

 

«Իրավական հիմունքներն ու մոտեցումներն ամենաճիշտն են: Մենք միշտ ասում ենք, որ գերմանացիները ընդունեցին հրեաների Հոլոքոստը, բայց մոռանում ենք, որ տեղի ունեցավ դատավարություն: Բայց ինչքանով ենք մենք պատրաստ բոլոր հարցերը տանել իրավական դաշտ, որովհետև իրավական հարթության մեջ դու պետք է պատրաստ լինես ներկայացնել քո բոլոր հիմնավորումները և ընդունել դատարանի որոշումը:

 

Հուզական տարրը պետք է բացառել: Դատական գործընթացը բացառում է թշնամությունը և հուզական մոտեցումները, եթե մենք փորձենք առաջնորդվել նման մոտեցումներով, համոզված եղեք, ո ր մենք կպարտվենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց Բաբայանը' հավելելով, որ անելիքները շատ են: Ռուբեն Բաբայանի կարծիքով' նախաձեռնողը պետք է լիներ Հայաստանի Հանրապետությունը որպես իրավական անձ:

 

Գրող, հրապարակախոս Արտեմ Հարությունյանն էլ նկատեց, որ գործընթացը պետք է շատ ավելի վաղ սկսված լիներ: «Ինչքան շուտ այս գործընթացն սկսվի' թեկուզ հենց վաղվանից, այնքան լավ: Մենք շատ ենք ուշացրել: Պետք է որակյալ, բարձրակարգ փաստաբաններ վարձել, որոնք կարող են մեր պահանջատիրության հայցը ներկայացնել: Իրավական այս գործընթացներն ամենաճիշտ ուղին են»,-ասաց նա:

 

Գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանի դիտարկմամբ' թուրքական իշխանությունները, ընդունելով, որ 1915 թվականին հայերի տեղահանություն է եղել, պետք է նաև դրա հետևանքների համար պատասխան տան: