ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հոկտեմբերի 15-ին ընդունել է Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (ԽԿԿ) պատվիրակությանը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պատվիրակության ղեկավար, ԽԿԿ անդամ Մարժենա Քսելի խնդրանք ով արդարադատության նախարարը ներկայացրել է Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում իրականացվող բարեփոխումների ընթացքը, տիրող իրավիճակն ու առկա խնդիրները: Արփինե Հովհաննիսյանն առաջնային խնդիր է համարել քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության հարցն ու ընդգծել, որ 2015 թվականի տարեվերջին շահագործման հանձնվող «Արմավիր» ՔԿՀ-ի երկրորդ և երրորդ մասնաշենքերը գրեթե ամբողջությամբ կլուծեն այդ խնդիրը:
Խոսելով ոլորտի բարեփոխման ուղղությամբ կատարված աշխատանքներից՝ նախարարն առանձնացրել է առաջիկայում նախատեսվող օրենսդրական գլոբալ փոփոխությունները, այն է՝ ՀՀ Քրեական, Քրեական դատավարության և Քրեակատարողական նոր օրենսգրքերի ընդունումը:
Արփինե Հովհաննիսյանն անդրադարձել է նաև ԽԿԿ պատվիրակության վերջին այցից հետո ներկայացված դիտարկումների արդյունքում կատարված աշխատանքներին՝ ընդգծելով, որ մեկնարկել է մեծածավալ ծրագրերի իրականացման գործընթաց, որը, նախարարի խոսքով, ՔԿՀ-ներում առկա խնդիրները նվազեցնելու և լուծելու հնարավություն կտա: Մասնավորապես, քրեակատարողական հիմնարկներում իրականացվող էներգախնայողության ծրագրի արդյունքում կբարելավվեն խցերի պայմանները, առողջապահական ծրագրերի շրջանակում քրեակատարողական հիմնարկները կապահովվեն առողջության պա հպանման առաջնային ծառայություններով, իսկ զբաղվածության ապահովման, վերականգնողական արդարադատության զարգացման ու կարողությունների հզորացման ուղղությամբ հստակ գործողություններ են իրականացվում:
Շնորհակալություն հայտնելով ամփոփ տեղեկատվություն տրամադրելու համար' Մարժենա Քսելը նախարարին է ներկայացրել Հայաստանում գտնվելու ընթացքում մի շարք քրեակատարողական հիմնարկներում անցկացրած դիտարկումների արդյունքները, արձանագրած առաջընթացն ու հրատապ լուծում պահանջող խնդիրները:
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել պատվիրակությանը ներկայացրած առաջարկությունների, մտահոգությունների ու բարձրացրած հարցերի համար և հավաստիացրել, որ անձնապես հետևողական է լինելու բոլոր խնդիրների լուծմանը: