Տուլայի մարզի կառավարության շենքում ավարտվել է նոյեմբերի 3-ին' ժամը 02:12-ին, Ուզլովայա քաղաքի մոտակայքում տեղի ունեցած Մոսկվա-Երևան ուղերթն իրականացնող ավտոբուսի վթարման դեպքի առնչությամբ գումարված համատեղ աշխատանքային նիստը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից, նիստին ռուսական կողմից մասնակցել են ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, Տուլիայի մարզի նահանգապետ Վլադիմիր Գրուզդևը, ՌԴ տրանսպորտի ոլորտում վերահսկողության դաշնային գործակալության ղեկավարի տեղակալ Ասլանբեկ Ախոխովը, Տուլայի մարզի կառավարության փոխնախագահ Մարինա Լևինան, իսկ հայկական կողմից ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը և ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը:

 

Աշխատանքային նիստը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ' ի հիշատակ վթարի հետևանքով զոհված քաղաքացիների:

 

Նիստին ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սակալովն իր խոսքում ընդգծել է, որ առաջնային խնդիրը շարունակում է մնալ վթարի արդյունքում տուժած քաղաքացիներին անհրաժեշտ աջակցություն տրամադրելն ու երկկողմ ջանքերի համակարգումը:

 

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից նոյեմբերի 5-ին կիրականացվի հատուկ չվերթ' զոհված ՀՀ քաղաքացիների դիերը Հայաստան տեղափոխելու նպատակով: Հայրենիք կտեղափոխվեն նաև հիվանդանոցից դուրս գրված քաղաքացիները: Տուժած և զոհված քաղաքացիների փաստաթղթերի հետ կապված տարաբնույթ հարցերը կարգավորվում են ՌԴ-ում ՀՀ դեսպանության կողմից: Այս մասին ասել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, ով նաև իր շնորհակալական խոսքն է հղել Տուլայի մարզի ղեկավարությանը դեպքի առնչությամբ օպերատիվ գործողությունների կազմակերպման և քաղաքացիներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար:

 

Իր հերթին ՌԴ Տուլայի մարզի նահանգապետ Վլադիմիր Գրուզդևը հայտնել է, որ մարզի բուժհաստատությունների կողմից արվում է հնարավորը տուժած քաղաքացիներին անհրաժեշտ բժշկական օգնություն տրամադրելու համար: Միևնույն ժամանակ նշվել է, որ կուսումնասիրվի մոսկովյան բուժհաստատություններում որոշ քաղաքացիների հետագա բուժումը շարունակելու հարցը:

 

Նիստին քննարկվել են նաև ՌԴ տրանսպորտի ոլորտում վերահսկողության դաշնային գործակալության և ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից համատեղ աշխատանքների իրականացման հարցը' Ռուսաստանից Հայաստան իրականացվող ուղևորափոխադրումների կարգավորման ոլորտում:

 

Վթարի դեպքի առնչությամբ տեղում անհրաժեշտ աշխատանքների կազմակերպման և հաջորդիվ բուժօգնության տրամադրման վերաբերյալ զեկույցով է հանդես եկել նաև ՌԴ Տուլայի մարզի կառավարության փոխնախագահ Մարինա Լևինան:

 

Նոյեմբերի 3-ին' ժամը 04.44-ին ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ-ից տեղեկատվություն էր ստացվել, որ ժամը 03.08-ին Մ-4 դաշնային ավտոճանապարհի 220-րդ կմ-ում՝ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի շրջանի Իլյինկագյուղի մոտակայքում Մոսկվա-Երևան երթուղու «Կինգ Դելյուքս» ՍՊԸ տրանսպորտային ընկերությանըպատկանող «Higer» մակնիշի 510 OP 61 պետհամարանիշով ավտոբուսը դեռևս չբացահայտված հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել: ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 8 քաղաքացի, տուժել ևս 43-ը: