Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր՝ փետրվարի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։35-ի սահմաններում Բաղրամյան պողոտայի թիվ 58 շենքի դիմաց բախվել են թիվ 9 երթուղին սպասարկող տրոլեյբուսը և 259 երթուղին սպասարկող ավտոբուսը: Վթարի հետևանքով «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն է տեղափոխվել երեք քաղաքացի:
ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ԲԿ-ից տեղեկացրին, որ երեքի մոտ էլ թեթև մարմնական վնասվածքներ են: «Մեկի մոտ քթոսկրի կոտրվածք է, մյուսի մոտ ճակատային շրջանում կոտրվածք, երրորդ հիվանդն էլ կարծես թե կարիք չունի ստացիոնար բուժման»,- փոխանցեցին հիվանդանոցից:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը։