Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը նոր մանրամասներ է ներկայացնում Երևանից Բաթումի ուղևորվող միկրոավտոբուսի վթարից տուժածների թվի և նրանց առողջական վիճակի մասին:
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Երևան-Բաթումի ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսը վթարի հետևանքով տուժած հայրենակիցների թիվը հասել է 16-ի։
«Նախնական տվյլաներով՝ Վրաստանի տարբեր հիվանդանոցներում գտնվող քաղաքացիներից 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Նրանցից 6-ը ստացել են համապատասխան բուժօգնություն և դուրս են գրվել, 3-ի վիճակը գնահատվում է բավարար, իսկ 3 տուժածների մասին այս պահին հավելյալ տեղեկատվություն է հավաքվում։
Առողջապահության նախարարությունը կապի մեջ է վրացի գործընկերների հետ, վերջիններիս Հայաստան տեղափոխելու և բուժօգնությունը կազմակերպելու հարցում։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասված է ՀՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ: