Վիետնամում «Յագի» թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 226-ի։ 104 մարդ անհետ կորել է։ Սա գյուղատնտեսության և գյուղի զարգացման նախարարության վերջին տվյալն է։ Ամենաշատ զոհեր ունեցող նահանգը Լաո Կայն է (98): Նրան հաջորդում են Կաո Բանգը (43), Յեն Բայը (42) և Քուանգ Նինհը (15), հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները:

 

Սուպեր «Յագի» թայֆունը հասել է Վիետնամի հյուսիսային ափին անցած շաբաթ օրը՝ հարվածելով Հայֆոնգի արդյունաբերական կենտրոնին և ստիպելով իշխանություններին փակել երկրի չորս օդանավակայանները՝ ներառյալ մայրաքաղաք Հանոյի ամենաբանուկ օդանավակայանը:

Ծովափնյա Հայֆոնգ քաղաքը, որտեղ ապրում է մոտ 2 միլիոն մարդ, ինչպես նաև գործում են բազմաթիվ օտարերկրյա բազմազգ ընկերություններ և տեղական ավտոարտադրող VinFast-ը, քամիներից ամենաշատ տուժածներից մեկն է: Քաղաքի նավահանգիստներում հոսանքազրկումներ են։ Բնակիչները մնացել են տանը՝ ի պատասխան իշխանությունների նախազգուշացման։ Վիետնամի կառավարության հայտարարության համաձայն՝ երկրում մոտ 50 հազար մարդ տարհանվել է ափամերձ քաղաքներից, և մոտ 450 զինվոր տեղակայվել է օգնություն ցուցաբերելու և արտակարգ իրավիճակները կառավարելու համար։

Ավելի քան 300 չվերթ չեղարկվել է, 4 օդանավակայան է փակվել։ Դպրոցները փակվել են նաև հյուսիսային 12 նահանգներում, այդ թվում՝ մայրաքաղաք Հանոյում։