Վրաստանի Բաթում քաղաքում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Փրկարարները ևս մեկ զոհի մարմին են դուրս բերել փլատակների տակից: Մեր տվյալներով՝ մահացածն անչափահաս է»,- հայտնել է աղբյուրը:
Ըստ վրացական լրատվամիջոցների՝ հիվանդանոցում մահացել է 35-ամյա կին, որին երեկ էին դուրս բերել փլատակների տակից:
Ներկա պահին հիվանդանոցում 37-ամյա տղամարդ է գտնվում: Եվս երեքն անհայտ կորած են:
Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել Բաթումի Մայիսի 26-ի փողոցում: Փլուզվել է 70-ականներին կառուցված 5 հարկանի շենքի մի հատվածը: Քննության տվյալներով՝ ողբերգության պատճառ են դարձել առաջին հարկի բնակարանում իրականացվող վերականգնողա-շինարարական աշխատանքները, որոնք արվել են «անվտանգության կանոնների խիստ խախտմամբ»: Որպես մեղադրյալներ ձերբակալվել են բնակարանի սեփականատերը, ինչպես նաև երկու աշխատակից: