Ստամբուլում ութ հարկանի շենքի փլուզման հետևանքով զոհերի թիը հասել է 21-ի, հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նածարար Սուլեյման Սոյլուն։
Ավելի վաղ հայտարարվել էր փետրվարի 6-ին Ստամբուլի Քարթալ շրջանում շենքի փլուզման հետևանքով 18 զոհերի և 14 վիրավորների մասին։ Փրկարարները շարունակում են քանդել փլատակները։
«Զոհերի թիվը ներկայիս պահին հասել է 21-ի, փլատակների տակից դուրս է բերվել 14 վիրավոր։ Նախնական տեղեկատվության համաձայն, փլված շենքում գտնվել է, ընդհանուր առմամբ, 35 մարդ, որոնք արդեն հայտնաբերվել են կենդանի կամ մեռած, այնուամենայնիվ, որոնողական-փրկարարական գործողությունը կշարունակվի»,- ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, ասել է Սոյլուն լրագրողներին։
Ավելի վաղ Ստամբուլի նահանգապետ Ալի Երլիքայան հայտնել էր, որ փրկարար գործողությանը մասնակցում է տարբեր գերատեսչությունների մոտ 500 աշխատակից, դատախազությունը հետաքննություն է սկսել արտակարգ դեպքի կապակցությամբ։ Փլուզման հնարավոր պատճառների թվում քննարկվում է շենքի վերնահարկերի անօրինական կառուցումը։ Թուրքիայի շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարար Մուրատ Քուրումի խոսքով՝ շենքի շինարարության համար օգտագործված բետոնում հայտնաբերվել է մեծ քանակությամբ ծովի ավազ։