Հանգստյան օրերին ԱՄՆ-ում ձնաբքի զոհերի թիվը հասել է 46-ի։ Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է Sky News հեռուստաալիքը։
Բացի այդ, CBC հեռուստաալիքի տվյալներով՝ Կանադայում ևս չորս մարդ է մահացել Բրիտանական Կոլումբիա նահանգում տեղի ունեցած վթարի հետևանքով, որտեղ մերկասառույցի պատճառով՝ ավտոբուսը ճանապարհին շրջվել է։ Ընդհանուր առմամբ, վթարի հետևանքով տուժել է 50 մարդ։
ԱՄՆ-ի և Կանադայի մի զգալի հատված այս շաբաթ տուժել է սաստիկ ցուրտ եղանակի, ուժեղ քամիների և ձյան տեղումների պատճառով: Ինչպես հայտնում է CNN-ը, ամենից տուժած նահանգներից մեկը եղել է Նյու Յորքը, որի որոշ շրջաններում կիրակի օրը մեկ մետրից ավելի ձյուն է տեղացել։ Արդյունքում՝ Բուֆալո քաղաքում տարերքի պատճառով 18 մարդ է մահացել։
13 արևելյան նահանգներում էլեկտրացանցային օպերատոր PJM Interconnection-ը բնակիչներին խնդրել է սահմանափակել էլեկտրաէներգիայի օգտագործումը կիրակի առավոտյան և իջեցնել տան ջերմաստիճանը՝ խուսափելու բաշխիչ ենթակառուցվածքի գերբեռնվածությունից: Ջերմաստիճանը շատ նահանգներում իջել է գրեթե ռեկորդային ցածր մակարդակի:
Եղանակի դաժան նախազգուշացումները ազդել են մոտ 55 միլիոն ամերիկացիների վրա, որոնք գտնվում են երկրի կենտրոնական և արևելյան հատվածներում: ԱՄՆ-ում հանգստյան օրերին վատ եղանակի պատճառով, ըստ flightaware.com պորտալի, չեղարկվել է ավելի քան 5 հազար չվերթ։