Երևանից Բաթումի ուղևորվող միկրոավտոբուսի վթարի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիներից 4-ին օգոստոսի 31-ին կտեղափոխեն Երևան: Այս մասին հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը:
«ՀՀ և Վրաստանի առողջապահության նախարարությունների ներկայացուցիչների քննարկումների արդյունքում որոշում է կայացվել Թբիլիսիի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով հիվանդանոցներում գտնվող ՀՀ 4 քաղաքացիներին տեղափոխել Երևան։
Հայաստանից ժամանած 4 ռեանիմոբիլներն այսօր ՀՀ քաղաքացիներին կտեղափոխեն Հայաստան։
Նշենք, որ վերոնշյալ 4 տուժածից բացի հիվանդանոցներում վթարի հետևանքով տուժած ՀՀ այլ քաղաքացիներ չկան»,-ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 31-ին, ժամը 08:44-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահից տեղեկություն է ստացվել, որ ժամը 03:10-ի սահմաններում Գուգութի-Մառնեուլի ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են երեք «Ford Transit» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները:
Ըստ նախնական տվյալների՝ կա 2 զոհ և 19 տուժած: Տուժել են ՀՀ քաղաքացիներ:
Զոհվել է ՀՀ երկու քաղաքացի (Գրետա Ա., ծնված 1966 թ. և Մարտա Ս., ծնված 1991 թ.):
Տուժած ՀՀ քաղաքացիներից 7-ը (Լենա Մ., Գայանե Բ., Տաթևիկ Գ., Լաուրա Խ., Հասմիկ Ա., Անուշ Մ., Մերի Մ.) հոսպիտալացվել են Վրաստանի Հանրապետության Թբիլիսի քաղաքի «Նյու Հոսպիտալ» ԲԿ, 3-ը՝ (Աննա Ա., Վարդան Հ., Ազատ Ա.) «Պինեո» ԲԿ, մյուս 3-ը՝ (Լիլիա Խ., Զավեն Խ., Լաուրա Ս.) «Պատրիարքներ» ԲԿ, ևս 3-ը՝ (Դավիթ Ք., Կարեն Ք. և Գառնիկ Գ.) «Արամյանց» ԲԿ: