ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար ալ Ջաաֆարին մարդու իրավունքների մասին իր ելույթում հայտարարել են, որ սիրիական ճգնաժամից միայն 3 տարի անց միջազգային հանրությունը զգացել է ահաբեկչության վտանգավորությունը և նրա տարածումը ողջ աշխարհում:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, նա նշել է, որ սիրիական կառավարության դեմ ընդունված քաղաքականացված որոշումները մեծացրել են սիրիական ազգի տառապանքները: Այս որոշումները հասկացրել են, որ դրանց տակ ծայրահեղականները կարող են շարունակել իրենց հանցագործությունները:

 

Իր զեկույցում Բաշար ալ Ջաաֆարին նշել է, որ Սիրիայում հետազոտություն անցկացրած անկախ հանձնաժողովի ուսումնասիրությունները ցույց են տվել «Իսլամական պետության» հանցագործությունները խաղաղ բնակիչների հանդեպ:

 

Սիրիայում հետազոտություն անցկացրած անկախ հանձնաժողովի զեկույցը փոխել է ահաբեկչական կազմակերպությունների նկատմամաբ հետաքրքված երկրների դիրքորոշումը:

 

Սիրիական հակամարտության ավելի քան 3,5 տարում զոհվել է մոտ 200 հազար մարդ, միլիոնավոր սիրիացիներ ստիպված լքել են հայրենիքը՝ հաստատվելով հիմնականում հարևան Լիբանանում, Թուրքիայում, Իրաքում և Հորդանանում:

 

Սիրիայում զինված ընդդիմադիրների շարքերում կռվում են 80-ից ավելի երկրների ավելի քան 100 հազար զինյալ:

 

Սեպտեմբերի 23-ից ԱՄՆ-ի նախաձեռնությամբ պայքար է սկսվել Սիրիայում գործող ամենախոշոր ծայրահեղական կազմակերպությունների դեմ: Թեպետ նրանք լուրջ վնասներ են կրել, այնուամենայնիվ շարունակում են հանցագործություններ իրականացնել Սիրիայում: