61 տարեկան հասակում երեկ կյանքից հեռացել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի Կարինե Բուռնազյանը։ Այսօր հաստատվեց, որ դերասանուհին վարակված է եղել կորոնավիրուսով: Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանը ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ օրեր առաջ դերասանուհու վիճակը կտրուկ վատացել է, ու հարազատները նրան հիվանդանոց են տեղափոխել:
«Բուռնազյանը տանն է եղել ամիսներ շարունակ, տնից չի բացակայել՝ դեռ մինչ արտակարգ դրության հաստատումն ու սահմանափակումները, առհասարակ, մինչ կորոնավիրուսի տարածումը, որովհետև առողջական լուրջ խնդիրներ ուներ՝ սիրտ-թոքային անբավարարություն, նաև շաքարային դիաբետ: Ինքը ժամանակ առ ժամանակ տնից հիվանդանոց հասնելու նպատակով է դուրս եկել, որովհետև վերջերս ուներ հիվանդությունների սրացումներ»,-ասաց Շահբազյանը:
Մեր հարցին՝ դերասանուհին արդյոք չի կասկածել, որ վարակված է կորոնավիրուսով և թեստ չի՞ հանձնել, թատրոնի տնօրենը պատասխանեց. «Նրա՝ կորոնավիրուսով վարակված լինելը բացահայտվեց միայն մահից հետո, թե կոնկրետ երբ է վարակվել, և որքանով է վարակը արագացրել ու բարդացրել հիվանդությունները, չեմ կարող ասել: Նա իր գանգատները կապել է իր հիվանդությունների հետ, որովհետև արդեն երկու տարի է՝ ինքը վատ էր զգում իրեն, ուներ բազմաթիվ գանգատներ, ու երևի այդ պատճառով էլ չի կասկածել ու թեստ էլ չի հանձնել»:
Կարինե Բուռնազյանը ծնվել է 1959 թվականի հունվարի 14-ին, Երևանում: 1988 թվականից աշխատում էր Պարոնյան թատրոնում: Հանրությունը դերասանուհուն ծանոթ է նաև մի շարք ֆիլմերից և հեռուստասերիալներից: