Հայաստանի կառավարության և Ռելատիվիստական աստղաֆիզիկայի կենտրոնների միջազգային ցանցի (ԻԿՐԱՆԵՏ) միջև կստորագրվի ՀՀ-ում ԻԿՐԱՆԵՏ-ի կենտրոն հիմնադրելու մասին համաձայնագիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' համաձայնագրին հավանություն տալու մասին հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության նոյեմբերի 19-ի նիստի օրակարգում:

 

 

Ակնկալվում է, որ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում ԻԿՐԱՆԵՏ-ի կենտրոնի հիմնումը լավագույնս կնպաստի միջազգային ցանցի հետ մեր հանրապետության համագործակցությանը' հնարավորություն ընձեռելով հայ երիտասարդ մասնագետներին մասնակցելու ԻԿՐԱՆԵՏ-ի կողմից իրականացվող բազմաթիվ ծրագրերին և օգտվելու սարքավորումներից և ռեսուրսներից:

 

 

Ռելատիվիստական աստղաֆիզիկայի կենտրոնների միջազգային ցանցը (ԻԿՐԱՆԵՏ) միջազգային կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է պատրաստել ռելատիվիստական աստղաֆիզիկայի ոլորտում բարձրակարգ մասնագետներ, խթանել ռելատիվիստական աստղաֆիզիկայի, կոսմոլոգիայի, տեսական ֆիզիկայի և մաթեմատիկական ֆիզիկայի բնագավառներում միջազգային համագործակցությունը և աջակցել համատեղ միջազգային գիտական ծրագրերի իրականացմանն ու երիտասարդ գիտնականների փոխանակմանը:

 

 

Կազմակերպության անդամներն են Հայաստանի Հանրապետությունը, Բրազիլիան, Իտալիան և Վատիկանը, երկու համալսարաններ (ԱՄՆ-ի Արիզոնայի և Ստենֆորդի համալսարանները) և Իտալիայի «Լա Սապիենզա» համալսարանին կից գործող Ռելատիվիստական աստղաֆիզիկայի միջազգային կենտրոնը: Կենտրոնն ունի մասնաճյուղեր Հռոմում (Իտալիա), Պեսկարայում (Իտալիա), Նիցցայում (Ֆրանսիա), Ռիո դե Ժանեյրոյում (Բրազիլիա):

 

 

2006թ. հուլիսի 20-ից ՀՀ-ն անդամակցում է ԻԿՐԱՆԵՏ-ին: Այնուհետև, 2013 թվականի հուլիսի 25-ին ստորագրվել է «ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի և Ռելատիվիստական աստղաֆիզիկայի կենտրոնների միջազգային ցանցի (ԻԿՐԱՆԵՏ) միջև համագործակցության մասին» համաձայնագիրը, որով կողմերը համաձայնել են հիմնել ԻԿՐԱՆԵՏ-ի Երևանյան կենտրոնը՝ նպատակ ունենալով խթանել ռելատիվիստական աստղաֆիզիկայի և հիմնարար գիտությունների առաջընթացը Հայաստանում: