Հռոմի «Լա Սապիենցա» համալսարանում փետրվարի 13-ին կայացել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի կենտրոնների միջազգային ցանցի («ԻԿՐԱՆԵՏ») միջև Հայաստանի Հանրապետությունում «ԻԿՐԱՆԵՏ»-ի կենտրոն հիմնադրելու մասին» համաձայնագրի ստորագրման արարողությունը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ՀՀ կողմից համաձայնագիրը ստորագրել է Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը, իսկ «ԻԿՐԱՆԵՏ»-ի կողմից՝ տնօրեն, պրոֆեսոր Ռեմո Ռուֆինին: Համաձայնագրի շրջանակներում Հայաստանում հիմնադրվում է տարածաշրջանային կենտրոն, որն աջակցելու է ռելյատիվիստական աստղաֆիզիկայի բնագավառում հետազոտությունների, վերապատրաստման և կրթության ազգային գործունեությանը:
Ստորագրման արարողությունից հետո ելույթներով հանդես են եկել դեսպան Ղազարյանը և պրոֆեսոր Ռուֆինին: Իր խոսքում դեսպան Ղազարյանը կարևորել է կենտրոնի հիմնադրումը և գոհունակություն հայտնել, որ երկար աշխատանքներից հետո այն վերջապես կյանքի է կոչվել, ու հայկական կողմն ակնկալում է արդյունավետ համագործակցություն:
Դեսպանն անդրադարձել է նաև ՀՀ կառավարության կողմից գիտության զարգացմանը տրվող առանձնահատուկ նշանակությանը և հույս հայտնել, որ կենտրոնն իր նպաստը կբերի այդ գործում՝ արդյունավետ համագործակցություն հաստատելով հնարավորինս շատ երկր ների նույնանման կենտրոնների հետ, և կդառնա գործիք գիտական դիվանագիտության համար: Միևնույն ժամանակ նշվել է, որ «ԻԿՐԱՆԵՏ»-ն իր հերթին կարող է օգտվել Հայաստանի՝ աստղաֆիզիկայի ոլորտում առկա մեծ ներուժից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հետագա համագործակցության հնարավոր ճանապարհները:
«ԻԿՐԱՆԵՏ»-ը միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2003թ.: Նպատակն է աջակցել կրթությանը, վերապատրաստմանը և իրականացնել հետազոտություններ ռելյատիվիստական աստղաֆիզիկայի բնագավառում:
«ԻԿՐԱՆԵՏ»-ին անդամակցում են Հայաստանը, Բրազիլիան, Իտալիան և Վատիկանը, ինչպես նաև երեք համալսարան՝ Տուքսոնի համալսարան (ԱՄՆ), Սթենֆորդի համալսարան (ԱՄՆ), «ԻԿՐԱ» և մի շարք հետազոտական կենտրոններ: Հայաստանն անդամակցել է ԻԿՐԱՆԵՏ-ին 2003թ. հոկտեմբերի 30-ին: