Երևանի զարգացման 2014 թվականի ծրագրերի շրջանակում միայն Շենգավիթ վարչական շրջանում շուրջ հինգ տասնյակ բակեր է բարեկարգվել ու հանձնվել բնակիչների տնօրինմանը:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչական շրջան կատարած աշխատանքային հերթական շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է նաև Բագրատունյաց փողոցի 11 և 11 ա, Արտաշիսյան փողոցի 44/3, 44/4, 44/4 ա, 44/5, ինչպես նաև Եղ. Թադևոսյան նրբանցքի 2 և 4 շենքերի միացյալ բակեր, որոնք ևս բարեկարգվել են այս տարվա ծրագրով:

 

 

Բնակիչների հետ գնահատելով կատարած աշխատանքը՝ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս շեշտել է, որ քաղաքապետարանի տարեկան ծրագրերը կազմվում են հիմնականում հենց բնակիչների կողմից առաջադրվող առաջնահերթություններով, որոնց հիմքում նախ և առաջ դրված է հարմարավետ մայրաքաղաք ունենալու հիմնանպատակը:

 

 

«2014թ. զարգացման ծրագրերով մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում նախատեսված աշխատանքները հիմնականում արդեն մոտենում են ավարտին, և կարող եմ ասել, որ բոլոր այն խնդիրներն ու ծրագրերը, որոնք դրել էինք մեր առջև, ավարտին ենք հասցրել: Այս աշխատանքները լինելու են շարունակական նաև առաջիկա տարիներին, և մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում գործընթացն իրականացվելու է բոլոր վարչական շրջաններում:

 

Յուրաքանչյուր տարի մենք աշխատում ենք ընդլայնել նաև իրականացվող ծրագրերի ծավալները, որպեսզի օր առաջ ավարտին հասցնենք մայրաքաղաքի բոլոր բակերի բարեկարգումն ու դրանք հանձնենք մեր բնակիչներին»,- նշել է քաղաքապետը:

 

 

Տարիներ շարունակ ավտոտնակների, ինքնակամ զբաղեցված բոստանային տարածքների փոխարեն բնակիչների տնօրինմանն են հանձնվել անհրաժեշտ բոլոր պայմաններով ապահովված՝ գեղեցիկ զրուցարաններով, նստարաններով, մանուկների համար խաղահրապարակներով կահավորված հանգստի փոքրիկ գոտիներ: Միջավայրն առավել գրավիչ ու ջերմ են դարձնում նաև բակերում իրականացվող նկարազարդման աշխատանքները, որոնք ևս լինելու են շարունակական:

 

 

Բակերի բնակիչներն իրենց գոհունակությունն ու շնորհակալությունն են հայտնել Տարոն Մարգարյանին' մայրաքաղաքում օրեցօր ավելացող բարեկարգ ու հարմարավետ բակերի, այգիների ու պուրակների, ինչպես նաև մայրաքաղաքի արտաքին տեսքի նկատելի դրական փոփոխությունների համար ու վստահեցրել են, որ խնամքով կպահպանեն դրանք:

 

 

Եղ. Թադևոսյան նրբանցքի 2 և 4 շենքերի միացյալ բակում Երևանի քաղաքապետն ու Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը նաև եղևնի են տնկել: