Հայկական վիրաբուժության, մասնավորապես սրտի վիրաբուժության մասին բազմիցս խոսվել է: Հայտնի է, որ Հայաստանում սրտի վիրաբույժները քիթ սրբելու ժամանակ չունեն, և չի բացառվում, որ բժիշկ-հիվանդ հարաբերություններում տուժի մարդկայինը, սակայն...
Մեր օրերում, երբ համացանցը հեղեղված է վատի ու բացասականի մասին հրապարակումներով, չէի կարող չգրել մի անձնավորության մասին, ով մարդ տեսակի արժեզրկման ֆոնին մշտապես բարձր է կանգնած և մարդկայինի այնպիսի օրինակներ է ցույց տալիս, որ ակամա երազում ես, որպեսզի քեզ շրջապատեն բացառապես այսպիսի բարի, զուլալ և շրջապատին լույս ու ջերմություն տվող մարդիկ:
Բազմիցս խոսակցություններ էի լսել «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն Լիդա Մուրադյանի մասին: Այս կենտրոն այցելած հիվանդները պնդում են, որ տիկին Մուրադյանը իրենց շրջապատել է այնպիսի հոգատարությամբ և մարդկային ջերմ վերաբերմունքով, որ հաճախ իրենք չեն տարբերել տունն ու հիվանդանոցը: Հազարավոր մարդիկ մշտապես տարբեր խնդիրներով դիմել են կենտրոնի տնօրենին, ով ոչ միայն ընդունել ու լսել է բոլորին, այլև փորձել է յուրաքանչյուրի ցավին դարման գտնել, օգնել ինչով կարող է:
Այն, ինչ տեսա այս օրերին այնտեղ, երբ իմ հարազատներից մեկն էր բուժվում, գերազանցեց իմ բոլոր սպասելիքները. տիկին Մուրադյանը իսկապես հոգատարությամբ ու ջերմությամբ էր շրջապատել բոլոր հիվանդներին, ամեն ինչ անում էր նրանց հոգսերը մեղմելու համար:
Թերևս դա է պատճառը, որ այդ բժշկական կենտրոնը մշտապես այցելուների մեծ հոսք ունի և անընդհատ զարգացել է ու հզորացել:
Լրագրողական հետաքրքրությունս ինձ դրդեց ուսումնասիրել «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի հիմնադրման ու զարգացման ուղին և տիկին Մուրադյանի ունեցած ներդրումը՝ դրանում:
«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը հիմնադրվել է 1993թ: 1994թ. հունիսին մանկական սրտի վիրաբուժության ծառայությունն սկսել է գործունեությունը: Ամերիկյան համահայկական հիմնադրամի ֆինանսավորման շնորհիվ տարեկան վիրահատվել է սրտի բնածին արատներով 150-170 երեխա, իսկ 1996թ.՝ նաև մեծահասակներ: Սրտի վիրաբուժության ծառայությունն աստիճանաբար դարձավ տարածաշրջանում ամենահեղինակավորն ու ճանաչվածը: 1997թ. ամբողջովին վերամասնագիտացվեց և վերանվանվեց՝ վերածվելով սրտաբանության և սրտի վիրաբուժության «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի: Այն 1998-1999թթ. դարձավ տարածաշրջանի միակ մասնագիտացված կենտրոնը, որտեղ վիրահատվում էին նաև Վրաստանից, ՌԴ հարավից, Միջին Ասիայից և այլ վայրերից եկած բազմաթիվ հիվանդներ:
Կենտրոնի զարգացման ու Հայաստանում մանկական հիվանդությունների դեմ պայքարի և սրտի վիրաբուժության զարգացման գործում հսկայածավալ է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն Լիդա Մուրադյանի և սրտի առաջատար վիրաբույժ Հակոբ (Հրայր) Հովակիմյանի ներդրումը: Հենց տիկին Մուրադյանի ղեկավարությամբ և Հակոբ (Հրայր) Հովակիմյանի քրտնաջան աշխատանքով կենտրոնը համաշխարհային հռչակ ձեռք բերեց և դեպի Հայաստան գրավեց հազարավոր հիվանդների, ովքեր ականատեսը դարձան հայ բժշկական մտքի և ճիշտ կառավարման սինթեզին, որի արդյունքում բարդագույններից համարվող սրտի վիրահատությունները Հայաստանում առավել անվտանգ և արդյունավետ դարձան:
Այսօր Լիդա Մուրադյանը հայտնի անուն է ոչ միայն Հայաստանում: Նրան շատ լավ են ճանաչում աշխարհի բազմաթիվ հեղինակավոր բժշկական կենտրոններում, որոնց համար ուսանելի է սրտի վիրաբուժության զարգացման հայկական օրինակը: Մուրադյանի ղեկավարած «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնն այսօր արդեն իր բնագավառի առաջատարներից է ոչ միայն տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում: Շատ կցանկանայի, որ տիկին Մուրադյանի օրինակին հետևեին մեր բժիշկներն ու հատկապես գլխավոր բժիշկները՝ ստեղծելով մասնագիտական հմտությունների և մարդկային որակների ներդաշնակ համադրություն:
Արմեն Հովսեփյան