Ռուսաստանի կառավարությունը նոյեմբերի 20-ի նիստում քննարկելու է Եվրասիական տնտեսական միության պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու պայմանագիրը Ռուսաստանի նախագահին ներկայացնելու հարցը՝ վավերացման առաջադրելու հայմար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԴ նախարարների կաբինետի մամուլի ծառայությանը:
«Եվրասիական տնտեսական միության 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու վերաբերյալ պայմանագիրը վավերացման առաջադրելու համար ՌԴ-ի նախագահին ներկայացնելու մասին: Միանալու վերաբերյալ պայմանագիրը բազային փաստաթուղթ է, որը բովանդակում է Ռուսաստանի, Բելառուսի Հանրապետության եւ Ղազախստանի Հանրապետության պայմանավորվածությունները Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության միանալու պայմանների շուրջ եւ մտնում է Միության իրավունքի մեջ, որը ստեղծվում է Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով»,- ասված է փաստաթղթի տեքստում:
Նշվում է, որ պայմանագրի ուժի մեջ մտնելը կապահովի 2015 թվականի հունվարի 2-ից Հայաստանի մասնակցությունը ԵՏՄ-ի գործունեությանը եւ թույլ կտա գործարկել բացառումների եւ սահմանափակումների, այդ թվում՝ արգելքների կրճատման գործընթացը, ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտների փոխադարձ մուտքը Պայմանագրի մասնակից պետությունների շուկա:
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որի ստեղծման մասին պայմանագիրը 2014 թվականի մայիսի 29-ին ստորագրել են Ռուսաստանը, Բելառուսը եւ Ղազախստանը: Այն ուժի մեջ կմտնի 2015 թվականի հունվարի 1-ից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: