«Եվրոպական ազատ դաշինք» կուսակցության նախագահ Ֆրանսուա Ալֆոնսին աջակցություն է հայտնել Արցախի ժողովրդին' դատապարտելով Ադրբեջանի կողմից ուսումնավարժական թռիչքի ժամանակ ԼՂՀ ռազմօդուժի անզեն ուղղաթիռի խոցման փաստը: Նա ընդգծել է, որ այդ փաստն իր համար հիմնովին անընդունելի է: «Մեր մտքերն անձնակազմի զոհված անդամների ընտանիքների ու ընկերների հետ են: Մենք դատապարտում ենք Ադրբեջանի իշխանությունների նման ագրես իվ գործողությունը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասել է Ֆրանսուա Ալֆոնսին:
Նա գործելու ու խնդիրը մանրամասնորեն վերլուծելու կոչ է արել եվրոպական կառույցներին' այդ սարսափելի միջադեպի քաղաքական պատասխանատուներին հստակեցնելու համար: Ալֆոնսին անթույլատրելի է համարել փաստը, որ Ադրբեջանի ղեկավարությունը պարգեւատրել է ուղղաթիռի խոցման հրամանը կատարած սպային: «Մենք կարծում ենք, որ կարեւոր է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերաբերմունքի եւ ռազմավարության փոփոխությունը»,-նշել է նա:
«Եվրոպական ազատ դաշինքը» կշարունակի տարածաշրջանի իրավիճակի մշտադիտարկումը եւ կմնա երկարատեւ խաղաղության կառուցման համար անհրաժեշտ վստահության երաշխիքների ստեղծման ջատագով: