Ադրբեջանցի բանտարկված լրագրող Ռաուֆ Միրքադիրովն անօրինական ձևով ադրբեջանական իշխանությունների կողմից շարունակում է պահվել կալանքի տակ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է լրագրողի փաստաբան Էլմար Սուլեյմանովը:

 

Միրքադիրովը ձերբակալվել էր ապրիլի 19-ին, որից հետո դատարանը նրան երեք ամսվա կալանքի էր դատապարտել: Ժամկետը հուլիսին երկարաձգվել էր ևս 4 ամսով: Այս ժամկետը ևս լրացել է, և չկա դատարանի նոր որոշում լրագրողին ճաղերի հետևում պահելու վերաբերյալ, բայց, այդուհանդերձ, նրան ազատ չեն արձակում:

 

Այս կապակցությամբ փաստաբաններ Սուլեյմանովը և Ֆուադ Ագաևը հատուկ հեռագրեր են ուղարկել գլխավոր դատախազին, նրա առաջին տեղակալին, արդարադատության նախարարին, մարդու իրավունքների պաշտպանին: Որևէ պատասխան չստանալով' փաստաբանները որոշել են անձամբ այցելել կալանավայր և հանդիպում խնդրել բանտապետի հետ, սակայն դա նրանց չի հաջողվել: Պաշտպանյալի հետ ևս հանդիպումը չի կայացել այն պատճառաբանությամբ, թե վերջինս բուժզննման է: Սուլեյմանովն ահազանգել է, որ դա Ադրբեջանի սահմանադրության և օրենքների խախտում է: