«Ազատություն» ռադիոկայանի Բաքվի գրասենյակի նախկին ղեկավար Բաբեկ Բաքիրովին փետրվարի 23-ի առավոտյան Բաքվի օդանավակայանում թույլ չեն տվել բարձրանալ ինքնաթիռ:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնել է «Ազատություն» ռադիոկայանը:

 

Նշվում է, որ Բ. Բաքիրովին արգելել են դուրս գալ Ադրբեջանից դատախազության հանձնարարությամբ: Հետաքրքիր է, որ նման արգելքի մասին նրան նախապես չի զգուշացվել կամ որեւէ մեղադրանքի մասին չի հայտնվել:

 

«Ազատություն»-ը հայտնել է, որ փետրվարի 23-ին Բաքվի գրասենյակի արտահաստիքային աշխատակիցներից մեկին, ով անվտանգության նկատառումներով չի ցանկացել հրապարակել անունը, կանչել են դատախազություն' հարցաքննության:

 

Անցյալ տարվա դեկտեմբերի 26-ին «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի գրասենյակի դուռը դատախազությունը կնքել էր եւ հարցաքննել ռադիոկայանի 26 լրագրողներին ու արտահաստիքային աշխատակիցներին:

 

Բաքվի Սաբայիլի դատարանը 2014 թվականի դեկտեմբերի 5-ին որոշում էր ընդունել «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի գրասենյակի աշխատակից Խադիջա Իսմայիլովային 2 ամիս ժամկետով կալանքի տակ վերցնելու մասին' հետագայում եւս 5 ամսով երկարացնելով նրա կալանման ժամկետը: Սկզբում նրան մեղադրանք է ներկայացվել ռադիոկայանի նախկին աշխատակից Թուրալ Մուստաֆաեւին «ինքնասպանության հասցնելու» մեջ, երբ վերջինս հետ է վերցրել այդ մասին իր հայցը, Խ. Իսմայիլովային այժմ էլ «մեղադրում» են գործունեության մեջ «լիազորությունները չարաշահելու», «ապ օրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու» ե այլ անհեթեթությունների մեջ:

 

Խադիջա Իսմայիլովան Ադրբեջանի իշխանությունների թիրախ է դարձել իր լրագրողական գործունեության համար: Իսմայիլովան հանդիսանում է Ադրբեջանում իշխանության վերին էշելոններում կոռուպցիոն փաստերի լրագրողական հետաքննությունների հեղինակ, որոնց արդյունքում բացահայտվել է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ նրա ընտանիքի օֆշորյան գոտիներում ունեցած հարյուրավոր միլիոն դոլարների հասնող ունեցվածքը:

 

Բաքվում «Ազատություն» ռադիոկայանի նկատմամբ ճնշումը դատապարտել են ԱՄՆ-ի պետքարտուղարությունը, ԵԱՀԿ-ը եւ Եվրոպայի Խորհուրդը: