Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները խստորեն դատապարտում են «Ազատություն» ռադիոկայանի աշխատակից, ճանաչված լրագրող Խադիջա Իսմայիլովայի ձերբակալությունն Ադրբեջանում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԵԱՀԿ մամուլի ազատության գծով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը դեկտեմբերի 5-ին Բազելում ԵԱՀԿ նախարարների խորհրդի 21-րդ նիստում ունեցած ելույթում, վճռականապես դատապարտելով Իսմայլիլովայի ձերբակալությունը, հայտարարել է, որ լրագրողի ձերբակալությունը ոչ այլ ինչ է, քան կազմակերպված ահաբեկում, որը հանդիսանում է նրա ազատ եւ քննադատող ձայնը ճնշելուն ուղղված շարունակվող արշավի մաս:

 

Միյատովիչը ելույթում նշել է, որ Իսմայիլովայի ձերբակալությունը տեղի է ունեցել Ադրբեջանում մի խումբ լրագրողների, բլոգերների եւ իրավապաշտպանների տարբեր ժամկետներով կալանքի ենթարկելուց եւ նրանց նկատմամբ շինծու մեղադրանքներով դատաքննություններ սկսելուց հետո: ԵԱՀԿ պաշտոնյան Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել վերջ դնել այդ պրակտիկային, որը վնաս է հասցնում զանգվածային լրատվական միջոցների ազատությանը:

 

Index on Censorship միջազգային խոսքի ազատության պաշտպանության կազմակերպությունը հայտարարել է, որ Իսմայիլովայի ձերբակալությունը ցույց է տալիս նախագահ Իլհամ Ալիեւի ավտորիտար բնազդի ուժեղանալը:

 

«Խադիջա Իսմայիլովայի ձերբակալությունն Ադրբեջանում ազատ մամուլի եւ քաղաքացիական հասարակության նկատմամբ շարունակական ճնշումների մի մասն է: Դա քննադատական ձայները լռեցնելու համար իշխանության կողմից տարվող ահաբեկման եւ ճնշիչ արշավի ձեւ է», -նշել է կազմակերպության ներկայացուցիչ Մելոդի Փաթրին:

 

Խադիջա Իսմայիլովի ձերբակալությունը դատապարտել են նաեւ «Լրագրողներն առանց սահմանների» կազմակերպությունը, «Մարդու իրավունքների տուն» հիմնադրամը, Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանների կորպորացիաների գլխավոր տնօրեն Նենադ Պեջիկը, ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Մարի Հարֆը, ԱՄՆ-ի հրատարակչական խորհուրդը, ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Դենիել Բայերը, Ադրբեջանի «Մուսավաթ», «Ումիդ», Ժողովրդական ճակատ կուսակցությունները:

 

Խադիջա Իսմայիլովան ձերբակալվել է դեկտեմբերի 5-ին: Բաքվի Սաբայիլի շրջանի դատարանի որոշման համաձայն' նա 2 ամիս ժամկետով կալանքի է ենթարկվել:

 

Նրա նկատմամբ մեղադրանք է ներկայացվել «Ազադլըգ» ռադիոկայանի եւ «Մեյդան ԹՎ» հեռուստաալիքի նախկին աշխատակից Թուրալ Մուստաֆաեւի «ինքնասպանության փորձի դրդելու» քրգործով: Եթե լրագրողուհուն մեղավոր ճանաչեն, նրան սպառնում է մինչեւ 7 տարի ազատազրկում:

 

Փաստաբան Էլթոն Գուլիեւը լրագրողներին հայտարարել է, որ Իսմայիլովան մեղադրվում է Ադրբեջանի Քրեական օրենսգրքի «ինքնասպանության հասցնելու» հոդվածով: Նա Իսմայիլովային ներկայացված մեղադրանքն անվանել է աբսուրդ:

 

«Մեղադրանքը բացարձակ աբսուրդ է: Այն առաջադրվել է աբսուրդ առաջարկությունների հիման վրա: Դատարանի որոշումն անօրինական է եւ կապված է Իսմայիլովայի լրագրողական գործունեության հետ», -ասել է նրա փաստաբանը:

 

Ընթացիկ տարվա հոկտեմբերի 21-ին 29-ամյա Թուրալ Մուստաֆաեւը Բաքվի մերձծովյա զբոսայգում մկնդեղ է խմել: Նա ծանր վիճակում տարվել է հիվանդանոց: Մուստաֆաեւը իրավապահներին հայտարարել է, որ իրեն ինքնասպանության դիմելու վիճակի հասցրել է Իսմայիլովան:

 

Իսմայիլովայի ծանոթների խոսքով, Մուստաֆաեւը հետաքննությանը ցուցմունք է տվել, որ Իսմայիլովան իրեն ազատել է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունում աշխատանքից: Սակայն, Իսմայիլովան «Ազատության» Բաքվի գրասենյակը ղեկավարել է 2008-2010 թվականներին, իսկ դրանից հետո եղել է միայն ծրագրի հաղորդավար: