Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը դեկտեմբերի 29-ին դատապարտել է Ադրբեջանում «Ազատություն» ռադիոկայանում իրականացված ոստիկանական ստուգայցը և կոչ արել դադարեցնել ազատ մամուլի նկատմամբ շարունակական ճնշումները: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ԵԱՀԿ կայքից:
Դեկտեմբերի 26-ին նախ իրավապահները ներխուժել և խուզարկել են ռադիոկայանի գրասենյակը, առգրավել համակարգիչներն ու փաստաթղթերը, իրավապահները գրեթե բոլոր աշխատակիցներին, ինչպես նաև քաղաքացիական պայմանագրերով աշխատող լրագրողներին հեռախոսով կանչել են հարցաքննության: Հարցաքննության համար կիրակի օրը 12 աշխատակիցներ ուժով բերման են ենթարկվել և միայն ազատ են արձակել մոտ 12-ժամյա հարցաքննություններից հետո՝ առանց մեղադրանք ներկայացնելու: Փաստաբաններին արգելվել է մասնակցել նրանց հարցաքննությանը:
«Խուզարկությունն ու դրան հաջորդած իրադրաձությունը' ռադիոյի գրասենյակի փակումը, ևս մեկ լուրջ հարված է Ադրբեջանում անկախ ԶԼՄ-ների ու խոսքի ազատ արտահայտման համար»,- նշել է Միյատովիչը:
Դեկտեմբերի 29-ին 8 ներկայիս և նախկին աշխատակիցների ևս հարցաքննության են կանչել:
«2014-ը դրամատիկ հետընթացի տարի էր Ադրբեջանում մամուլի ազատության առումով։ Մամուլի տասից ավելի ներկայացուցիչներ ներկայումս ազատազրկված են։ Իշխանությունները պետք է թույլ տան «Ազատություն» ռադիոկայանին շարունակել աշխատանքը և պաշտպանել երկրում քննադատական ձայների գոյությունը»,- ավելացրել է Դունյա Միյատովիչը: