Մեդիայի ազատության հարցերով ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը քննադատել է ադրբեջանցի իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովի ազատազրկումը 6,5 տարով խիստ վերահսկողության բանտում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Միյատովիչը փաստել է, որ հերթական ակտիվիստի դատապարտումն ապացույցն է այն բանի, որ երկրում լուրջ հարվԱծի տակ է խոսքի և մեդիայի ազատությունը:
«Ջաֆարովի դատապարտումը ոչ այլ ինչ է, քան անարդարության դրսևորում, որը հերթականն է Ադրբեջանի բանտերում փակված լրագրողների և ազատության պաշտպանների բանտարկման շարքում: Ադրբեջանում այս սիստեմատիկ և լայնամասշտաբ հետապնդումներն անկախ անձանց նկատմամբ խոսքի ազատության հիմնարար իրավունքի ակնհայտ խախտում է»,- հայտնել է Միյատովիչը: Նա տեղեկացրել է, որ թե’ հետաքննական, թե’ դատական գործընթացների ժամանակ լուրջ խախտումներ են արվել, բացի այդ գործի առնչությամբ բոլոր վկաները ցուցմունք են տվել Ջաֆարովի օգտին: ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ ը հիշեցրել է նաև, որ ադրբեջանական բանտերում այսօր փակված են ավելի քան տասը լրագրող, բլոգեր, ակտիվիստ, որոնց թվում են Խադիջա Իսմայիլովան, Սեյմուր Հազին, Փարվիզ Հաշիմլին, Օմար Մամեդովը, Աբդուլ Աբիլովը, Էմին Հուսեյնովը և այլք:
Միյատովիչը հավաստիացրել է, որ առաջիկայում կայցելի Ադրբեջան' պաշտոնական Բաքվի հետ կառուցողական երկխոսություն հաստատելու համար: Նա ցավով է փաստել, որ նախկինում ադրբեջանական իշխանությունների հետ հանդիպման իր բոլոր հայցերը մերժվել են:
Ապրիլի 16-ին Բաքվի դատարանը որոշում է կայացրել 6,5 տարվա ազատազրկման ենթարկել հայտնի ադրբեջանցի իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովին: Դատարանը նրան մեղադրել է հարկերը վճարելուց խուսափելու, պաշտոնի չարաշահման, անօրինական ձեռներեցության, խարդախությունների մեջ:Իրավապաշտպանը հերքել է իր նկատմամբ ներկայացված բոլոր մեղադրանքները: