ԱՄՆ-ի 16 սենատոր օրերս նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որում անհանգստություն են հայտնել Ադրբեջանում քաղաքացիական հասարակության և խոսքի ազատության վիճակով:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ազատություն» ռադիոկայանը, նամակում սենատորները դժգոհություն են հայտնել Բաքվում «Ազատություն» ռադիոկայանի և ԵԱՀԿ գրասենյակների փակվելու առնչությամբ:

 

Սենատորներն «Ազատություն» ռադիոյի գրասենյակի փակումն անվանել են «Ադրբեջանում խոսքի ազատության հալածանք»:

 

Նամակում ամերիկացի սենատորներն Ադրբեջանի իշխանություններին նաև կոչ են արել ազատ արձակել ձերբակալված իրավապաշտպաններին, ընդդիմադիր ԶԼՄ-ների համար ազատ գործունեություն ապահովել, վերջ դնել քաղաքացիական հասարակության վրա ճնշմանը և դրանով վերացնել ԱՄՆ-ի ու Ադրբեջանի միջև երկկողմանի հարաբերությունների ամրապնդման համար խոչընդոտները:

 

Նամակը գրվել է սենատոր Ռիչարդ Դուրբինի նախաձեռնությամբ և ստորագրվել ևս 15 ԱՄՆ սենատորի կողմից: