Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ անհայտ անձինք ներխուժել էին «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն և խառնաշփոթ իրավիճակ ստեղծել այնտեղ։ Մեզ հետ զրույցում թերթի քաղաքական լրագրող Սոնա Գրիգորյանն ասել էր՝ խմբագրություն ներխուժածները ամենայն հավանականությամբ ինչ-որ բան են փորձել փնտրել, սակայն ոչինչ չեն գողացել։
ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում իմքայլական պատգամավորները միաձայն դատապարտեցին կատարվածը։ Մեզ հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն ասաց, որ բացասական է վերաբերում կատարվածին և ցանկացած մեկի կողմից նման գործողությունը պետք է արժանանա խստագույն վերաբերմունքի․ «Դժվար է որևէ գնահատական տալ մինչև չիմանանք՝ ովքեր են կանգնած նրանց թիկունքին։ Սպասենք մինչև վերջ, որպեսզի հաստատվի՝ ով և ինչի համար է գնացել այդ քայլին։ Եթե խմբագիրը կամ լրագրողը որևէ մեկի վերաբերյալ բան է գրել, բոլոր դեպքերում նմանատիպ դրսևորումը, ինքնիրավչությունը բացասական երևույթ է։ Համոզված եմ՝ իրավապահ մարմինները կգտնվեն իրենց տեղում և համապատասխան գնահատական ու ընթացք կտան դրան։ Գոնե վերջին 5 տարվա ընթացքում նմանատիպ դեպք չի արձանագրվել»,- ասաց Աղազարյանը՝ նշելով, որ նախաքննությունը բոլոր հարցերի պատասխանները կտա։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանն էլ իր զայրույթը հայտնեց, միևնույն ժամանակ՝ հույս և համոզվածություն հայտնելով, որ իրավապահ մարմինները շատ արագ կբացահայտեն դեպքը և հնարավորինս հետևողական կլինեն․ «Հիմա համարժեք գնահատական տալն անհնար է՝ արդյոք դա խոսքի ազատության ճնշո՞ւմ էր, գողությո՞ւն, թե՞․․․։ Ամեն դեպքում վատ բան է եղել, որին բացասական եմ վերաբերում»,- նշեց պատգամավորը։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի խոսքով՝ ոչ միայն լրատվամիջոցների, այլև ցանկացածի նկատմամբ նման գործողությունը դատապարտելի է․ «Հուսով եմ, որ իրավապահ մարմինները կկարողանան բացահայտել, թե ինչ է կատարվել։ Կարծում եմ՝ կոնկրետ շրջանակների կողմից ինչ-որ մանիպուլյացիաներ են արվում, որպեսզի կասկածի տեղիք տան, դրա համար եկեք թողնենք, որ իրավապահները բացահայտեն»,- ասաց Պապոյանը։
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանն օրերս կրկին հարցաքննվել էր Մարտի 1-ի գործով որոշ պաշտոնատար անձանց ցուցմունքները հրապարակելու թեմայով հարուցված քրեական գործի շրջանակում: ՀՔԾ-ն լրագրողից պահանջում է աղբյուր բացահայտել, սակայն նա հրաժարվել է: Ըստ տեղեկությունների՝ նաև գաղտնալսվել է լրագրողի հեռախոսն ու վերծանվել են հեռախոսազանգերը: